Արտակ Բուդաղյանը հրաժարվելու է համաներումից, քանի որ, ըստ Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի, եթե համաներում կիրառեն, գործն ընդհանրապես կփակվի և դատարան չի գնա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալումյանը նշեց, որ միակ քրգործը, որ մինչ այս պահը քննվում է և հաստատ պիտի գնա դատարան, եթե իրենք չհամաձայնեն համաներման, Արտակ Բուդաղյանի վերաբերյալ քրեական գործն է: «Այստեղ է, որ մենք ասում ենք՝ համաձայն չենք Արտակի նկատմամբ համաներման կիրառմանը: Եթե մենք չկարողանանք արդյունքի հասնել քննիչի որոշումները բողոքարկելու ընթացքում, գործն արդեն դատարան գնալու հետ կապված խնդիրներ կունենանք: Գոնե այս շանսը, որ Արտակի մասով գործը պիտի գնա դատարան, մենք պիտի պահենք»,- ասաց նա:
Ալումյանը տեղեկացրեց, որ մինչ այս որոշում էր կայացվել նաև Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Որոշումը, ըստ փաստաբանի, հիմնված է այսպիսի փաստարկների վրա. թեև Ավետիք Բուդաղյանը կատարել է հանցագործություններ, այդ թվում՝ նաև սպանության փորձ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ հաշվի առնելով, որ նա մահացել է:
«Մենք դա բողոքարկել ենք, հիմնվել ենք օրենքի այն դրույթի վրա, որ մահացածի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե իրավահաջորդները համարում են, որ անհրաժեշտ է շարունակել գործի քննությունը այդ մարդու իրավունքները վերականգնելու համար: Հիմա մենք ասում ենք՝ ոչ, մի՛ դադարեցրեք մահվան հիմքով, քանի որ մենք պայքարելու ենք Ավետիքի իրավունքների համար և ապացուցելու ենք, որ նա սպանության փորձ չի կատարել, ավելին՝ ինքն է սպանության զոհ»,- ասաց նա:
Ալումյանի խոսքով՝ քննիչը, հիմնվելով Ավետիքի վերաբերյալ կայացված այս որոշման վրա, ըստ որի՝ Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ է կատարել, հաջորդ օրը Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է ինքնապաշտպանության հիմքով, այսինքն՝ սեպտեմբերի 6-ին Ավետիքի գործողությունները որակել է իբրև սպանության փորձ, իսկ ամսի 7-ին, հենվելով այդ որոշման վրա, դադարեցրել քրեական հետապնդումը: Երեք որոշումներն էլ բողոքարկել են:
Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած փաստերին և վարկածին, թե Գորիսի հունիսմեկյան դեպքերի օրը Ավետիք Բուդաղյանին վերևից կանչել են, ապա կրակել, Ալումյանը հաստատեց դրանք: Նրա փոխանցմամբ՝ մի շարք փաստեր կան, որոնք վկայում են երրորդ կրակողի առկայության մասին. նախ՝ Ավետիքի վնասվածքներից մեկը վերևից ներքև ուղղությամբ է, դատաբժշկի եզրակացության մեջ դա արտացոլված է, երկրորդ՝ հենց եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ասում է, որ կրակոցը վերևից տեսել է, բացի դրանից՝ կադրում երևում է, որ ասֆալտին գնդակ է դիպչում և կտրուկ դեպի վեր է արտացոլվում. գնդակի՝ այդ անկյան տակ դեպի վեր բարձրանալու համար պետք է վերևից էլ լիներ այդ կրակոցը, եթե սուր անկյան տակ լիներ հարվածը, սուր անկյան տակ էլ գնդակն արտացոլվելու էր:
«Ամենավերջին կրակոցը շատ ավելի բարձր ձայն ուներ ու բոլորովին այլ հնչողություն, քան մնացած կրակոցները, այսինքն՝ պարզ զգացվում է, որ այդ կրակոցն ուրիշ զենքից էր արձակված: Այս փաստերը հիմք են տալիս ասելու, որ բացի Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների երկու կրակողներից, այդ կողմից ևս մեկ հոգու կրակոց է եղել, վերջինս, սակայն, մինչ օրս դեռ բացահայտված չէ»,- ասաց փաստաբանը:
Հարցին՝ հիմքեր կա՞ն պնդելու, որ վերևից «Ավետ» կանչողն ու կրակողը հենց ինքը՝ Սուրիկ Խաչատրյանն է եղել, Ալումյանը պատասխանեց՝ եթե «վերևից» ասելիս նկատի են ունենում տան միջից կրակոց, ապա տանն այդ պահին միայն Սուրիկ Խաչատրյանն է եղել:









































