Ներկայում Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների հիմնական խնդիրը Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնություններն են: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Զարիֆը:
«Մենք երկկողմ հարաբերությունների վատ պատմություն ունենք, փոխադարձ անվստահությունը մեծ է»,- ասել է նա՝ պատասխանելով Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությանն առնչվող հարցին: Զարիֆի խոսքով՝ ամերիկյան կողմից ձեռնարկվել են մի շարք քայլեր, այդ թվում՝ 1953-ին օրինական ընտրված կառավարության տապալումը, որոնք, ինչպես նախկինում, մտահոգություն են առաջացնում Թեհրանի մոտ:
«Անհրաժեշտ է կարգավորել այդ հարցերը: Սակայն գլխավոր խնդիրը, որը հրատապ լուծում է պահանջում, միջուկային ծրագիրն է»,- ասել է արտգործնախարարը:
Նա դրական է գնահատել «վեցյակի» հետ բանակցությունները, որոնք կայացել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակում: Հանդիպման առանցքային պահը բանակցությունների նոր ժամկետի նշանակումն էր: Բանակցային հերթական ռաունդը կկայանա Ժնևում՝ հոկտեմբերի 15-16-ը:
Նա հայտարարել է, որ ուրանի հարստացումը կրում է բացառապես խաղաղ բնույթ և ուղղված է ԱԷԿ-ի համար վառելիքի ստեղծմանը: «Մենք զբաղվում ենք էներգիայի մեր աղբյուրների դիվերսիֆիկացմամբ»,- ասել է Զարիֆը:








































