ՌԴ-ի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայն են, որ Սիրիայում անհնար է հակամարտությունը կարգավորել ռազմական սցենարով: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով:
«Մենք եկել ենք համաձայնության, որ հակամարտության կարգավորման ռազմական սցենարը անհնարին է և անընդունելի»,- ասել է նա:
Քերին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին Լավրովի հետ ունեցած հանդիպումը գնահատել է որպես «վերջին ժամանակներում ամենակառուցողական և ամենաարդյունավետ հանդիպումներից մեկը»:
Իր հերթին Ս. Լավրովը նշել է, որ ռուսական և ամերիկյան կողմերը հանդես են եկել նոյեմբերին Սիրիայի հարցով «Ժնև-2» միջազգային համաժողով գումարելու օգտին:









































