«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ղազախստանի Ներդրումների շահութաբերության հետազոտության գործակալության ավագ փորձագետ, քաղաքական և տնտեսական վերլուծաբան Էռլեն Բադիխանը:
–Պարոն Բադիխան, այն, ինչ այսօր կա Մաքսային միությունում, ընդունված է անվանել եվրասիական ինտեգրացիոն նախագծի առաջին փորձ, որին շուրջ երեք տարի մասնակցել է նաև Ղազախստանը: Հիմնավո՞ր են արդյոք խոսակցությունները, թե Ղազախստանում մեծ հիասթափություն կա ՄՄ-ի նկատմամբ:
–Այո, Ղազախստանում մեծ հիասթափություն կա, քանի որ Ղազախստանի հիմնական բնակչությունը չի զգացել որևէ օգուտ և առավելություն ՄՄ-ում Ղազախստանի անդամակցությունից հետո: Ավելին՝ արդյունաբերական որոշակի ոլորտներում արձանագրված ցուցանիշները վկայում են, որ նույնիսկ անկում է տեղի ունեցել: Այդ ոլորտներն են թեթև արդյունաբերությունը, մեքենաշինությունը, սննդի արդյունաբերությունը, որովհետև այսօր մենք չափազանց շատ բելառուսական և ռուսական մատակարարվող կաթնամթերք ունենք ՝ կաթ, կարագ, կաթնաշոռ:
Այսինքն՝ մենք այս երեք տարիների ընթացքում էական դրական արդյունքներ չենք զգացել, որովհետև մեզ մոտ ազգային արտադրանքի ապրանքների ներմուծման ծավալը միշտ էլ մեծ է եղել, այդպիսին էլ մնացել է: Եթե առանձին-առանձին դիտարկենք, ապա հիմնական ներմուծողներն են Չինաստանը, Թուրքիան, Վիետնամը, այն երկրները, որտեղ շատ են հագուստ կարում և միանգամից արտահանման են տալիս: Մեզ մոտ հնարավոր է՝ շահել են միայն նավթ, ածուխ, մետաղներ արտահանողները:
Արդյունաբերության այն ճյուղերը, որոնք ձևավորում են ներքին արտադրանքի փոքր մասը, էական շահույթ չեն ստացել: Ես չգիտեմ, թե հետագայում ինչպես կստացվի, բայց դեռևս տնտեսական շահեր չեն եղել: Կարծում եմ, որ Ղազախստանի համար շահերը առավելապես քաղաքական բնույթի են, քան տնտեսական, որովհետև ամբողջ աշխարհի ոչ ստաբիլ իրավիճակում Ղազախստանը ձևավորել է որոշակի քաղաքական համագործակցություն ՌԴ-ի հետ, և ՌԴ-ն փորձելու է որևէ կերպ աջակցել Ղազախստանին: Ես տեսնում եմ միայն քաղաքական արդյունքներ:
–Իսկ ի՞նչ կարող եք ասել առևտրաշրջանառության մասին, քանի որ ՄՄ գրավելու հիմնական խայծը դա է եղել: Աճ գրանցվե՞լ է:
–Ղազախստանի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ աճ է տեղի ունեցել մի քանի տասնյակ տոկոսով, բայց դա այդպես չէ, ես չեմ կարող ասել, որ մեզ մոտ առևտրաշրջանառությունը տարեցտարի մեծանում է:
–Ի՞նչ էր ակնկալում Ղազախստանը ՄՄ-ից, որ չստացավ:
-Որքան ես գիտեմ, Ղազախստանն ակնկալում էր, որ մեր արտադրանքը մուտք ստանա 170 մլն բնակչությամբ շուկա, բայց դա տեղի չունեցավ, որովհետև Ղազախստանն իր արտահանման հիմնական ոլորտներով՝ նավթ, գազ, ցորեն, մետաղներ, մրցունակ չէ, քանի որ դրանք արտադրանքներ են՝ առանց ավելացված արժեքի, առանց մշակման, մենք չունենք զարգացած արդյունաբերություն: Այսինքն՝ մենք ներկայումս մինչ այսօր մնացել ենք ԽՍՀՄ մակարդակում, ուստի չունենք արտադրանք, որը մրցակցային կլինի ՌԴ-ի և Բելառուսի հետ նրանց շուկաներում: Ավելին՝ մենք մրցակցային ներուժ չունենք մեր ներքին շուկայում, այսինքն՝ մեզ համար դեռևս վաղ է խոսել այն մասին, որ մեկին ինչ-որ բան արտահանենք՝ հագուստ, տեխնիկա, համակարգիչներ, այնպիսի արտադրանք, որ զարգացած երկրներն են արտադրում: Այսինքն՝ կարծում եմ, որ առաջիկա 5-10 տարվա ընթացքում առաջընթաց չի լինի:
–Երբ Ղազախստանն արդեն անցել է և զգացել միության տնտեսական ազդեցությունը, և Դուք պնդում եք, որ ազդեցությունը միայն քաղաքական է, կարելի՞ է արդյոք պնդել, որ սա ԽՍՀՄ վերականգնում է և այս պրոյեկտներով Ռուսաստանը բավարարում է իր իմպերիալիստական նկրտումները:
-ԽՍՀՄ վերականգնումն այն ձևաչափով, ինչ 22 տարի առաջ էր, հնարավոր չէ այսօր, ԽՍՀՄ կազմող 15 երկրներն իրարից շատ հեռու են բոլոր առումներով, և վերականգնում չի ստացվի: Ես կարծում եմ, որ ՌԴ-ն կմիացնի իրեն ոչ թե տարածքային, այլ քաղաքականապես իրեն մոտ երկրներին, որոնք ունեն ընդհանուր սահման ՌԴ-ի հետ, և որոնք կախված են իրենից:
–Պարոն Բադիխան, ՀՀ-ն ևս ցանկություն է հայտնել միանալ ՄՄ-ին: Ղազախստանն ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի այդ ցանկությանը, եթե հաշվի առնենք՝ ինչպիսի պատմական հարաբերություններ ունեն Ղազախստանն ու Ադրբեջանը: Ղազախստանն ի՞նչ կարգավիճակով է պատկերացնում այդ անդամակցությունը:
-Ղազախստանն Ադրբեջանի հետ Կասպից ծովով ընդհանուր ծովային սահման ունի 300-400 կմ Բաքվի և Աքթաուի միջև, բայց գիտեք, որ Նազարբաևը չի փորձում ընկերություն անել մեկի հետ մյուսի հաշվին: Նա հավասար հարաբերություններ ունի ինչպես Ալիևի, այնպես էլ Սարգսյանի հետ, ուստի ես չեմ կարծում, որ Ղազախստանը կանգնի Ադրբեջանի կողքին և արգելափակի Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը: Ես հակառակն եմ տեսնում, որ դա Հայաստանի համար արդյունավետ կլինի, Հայաստանի մի շարք արտադրանքներ, ինչպիսին գունավոր մետաղներն են, գյուղատնտեսական ապրանքները, որոնց արտադրությունը զարգացած է Հայաստանում, կարող են արտահանվել, Հայաստանի համար հավելյալ շուկա կբացվի, եթե Հայաստանը կարողանա նաև որևէ բան հակադրել Ռուսաստանին, որովհետև ՌԴ-ն շատ անգամներ ոչ տարիֆային կարգավորումներ է կիրառում:
Մենք շատ մինուսներ ունենք, Հայաստանը պետք է խուսափի սխալներից և ի սկզբանե նախանշի այն պայմանները, որոնց հիման վրա, միանալով ՄՄ-ին, կպաշտպանի իր ապրանքը: Հայաստանում կհայտնվեն «Լադա» մեքենաներ, կլինեն, որովհետև մեզ մոտ արդեն բոլորն ունեն դրանից: Ես դա ավտոմեքենա չէի համարի, բայց Դուք այդ փոփոխությունը կնկատեք և կզգաք:
–Պնդումներ կան, որ Ղազախստանը կհամաձայնի ՄՄ-ում ՀՀ անդամակցությանը, եթե լինի առանձին մաքսակետ ԼՂ-ի հետ, այսինքն՝ ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին չհակասի Ադրբեջանի շահերին:
-Նազարբաևը չի փորձում խառնվել հակամարտություններին և մի կողմի հետևում կանգնել: Ուստի կարծում եմ, որ վաղ է խոսել նաև այն մասին, թե հնարավոր է ստեղծել առանձին մաքսային հատված ԼՂ-ի հետ:










































