Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, որը նախընտրական ժամանակահատվածում ձևավորված ՕՐՕ դաշինքի համակիր էր, չի կարծում, որ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարող էր կապ ունենալ Նորքի զինված խմբի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Պարգև Օհանյանը, անդրադառնալով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, որով որոշում կայացվեց հրապարակել քրեական գործի անջատված մասով ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ վերջինս նշել էր, որ Վահան Շիրխանյանը պետք է կազմակերպեր Արթուր Վարդանյանի և Սեյրան Օհանյանի հանդիպումը, ասաց.
«Չեմ կարծում, որ կոնկրետ Սեյրան Օհանյանը մասնակցել է, կամ կարող էր ցանկություն ունենար մասնակցել ինչ-որ խարդավանքների, նմանատիպ գործողությունների»:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք նմանատիպ այլ ցուցմունքներ Սեյրան Օհանյանի վերաբերյալ կարող էին նախաքննության ժամանակ տրված լինել, և դա ինչ պիտի ենթադրեր իրավական առումով, Պարգև Օհանյանը ասաց.
«Հնարավոր չեմ համարում, որվհետև եթե լիներ, ապա Սեյրան Օհանյանն էլ հարցաքննված կլիներ և, հավանաբար, դատակոչված կլիներ, և որպես վկա պիտի հանդես գար դատարանում: Պարտադիր չէ, բայց հնարավոր է, որ այժմ հարցաքննվի»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ գուցե նախաքննության ընթացքում արված այսպիսի ցուցմունքների պատճառով է Սեյրան Օհանյանը իշխանական համակարգից «հեռացվել», այնուհետև պասիվացել է նաև ընդդիմադիր դաշտում, քանի որ Սամվել Բաբայանի ձերբակալության ժամանակահատվածում էլ պարբերաբար մամուլում շրջանառվում էր, որ հաջորդը բանտում հայտնվելու է Սեյրան Օհանյանը՝ հենց Նորքի գործի հետ կապված, Պարգև Օհանյանը ասաց.
«Չեմ կարծում, երևի ինչ-որ ինտրիգներ են եղել, որի ընթացքում Սեյրան Օհանյանը հայտնվել է ընդդիմադիր կարգավիճակում, փորձեց ընդդիմադիր գործունեությամբ զբաղվել, իմ կարծիքով՝ Սեյրան Օհանյանի տեղը քաղաքականությունը չի: Մենք շատ չենք շփվել, ես հեռվից հեռու համակրել եմ՝ որպես պրոֆեսիոնալ զինվորական, հերոս գեներալ-գնդապետ: Կարծում եմ, որ նրա տեղը ռազմական ոլորտում է, ոչ միայն նրա, այլև Ժիրայր Սէֆիլյանի գործը հայրենիքի պաշտպանությունն է: Ես այն կարծիքին էի, որ Սեյրան Օհանյանը չի կարող լինել ռադիկալ ընդդիմություն»:
Պարգև Օհանյանը նաև ասաց, որ տգեղ է, պատիվ չի բերում գեներալներին ու գնդապետներին հետապնդելը: Պարգև Օհանյանը նկատի ուներ ինչպես Սամվել Բաբայանին, Սեյրան Օհանյանին, այնպես էլ ՝Ժիրայր Սէֆիլյանին:










































