Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ԵՄ երկրները մի փոքր առաջ են անցնում ԱՊՀ երկրներից: Այսպես, ԵՄ-ին բաժին է ընկնում ամբողջ առևտրաշրջանառության ավելի քան 29 տոկոս, իսկ ԱՊՀ-ին` մոտ 28 տոկոսը (2013թ.-ի առաջին 7 ամսիների տվյալով):
Տարբերությունը հատկապես զգացվում է արտահանման մասով: Եվրոպական միության երկրներին է բաժին ընկնում մեր արտահանման ավելի քան մեկ երրորդը (35.1 տոկոս): Իհարկե անցած տարի ցուցանիշն ավելի մեծ էր` 39.2 տոկոս: Սրան հակառակ ԱՊՀ երկրների տեսակարար կշիռն արտահանման մեջ անցած տարվա համեմատ ավելացել է` 23.4 տոկոսից դառնալով 25.7 տոկոս: Սրա մեծ մասը` ավելի քան 21 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Այս երկրի տեսակարար կշիռն արտահանման կառուցվածքում նույնպես ավելացել է:
Արտահանման ծավալով ԵՄ երկրներից առաջատարներն են Բուլղարիան, Բելգիան և Գերմանիան: Անցած տարվա համեմատ նվազել է դեպի Գերմանիա արտահանումը, սակայն ավելացել է արտահանումը դեպի Բուլղարիա և Բելգիա:










































