Մանրածախ առևտրաշրջանառության կեսից ավելին խոշոր տնտեսվարողներինն է: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության հունվար-հունիսի տվյալներից: Այդ ընթացքում մանրածախ առևտրաշրջանառության 57.6 տոկոսը պատկանում է 31 և ավելի աշխատող ունեցողներին: Շրջանառության միայն 21 տոկոսն է պատկանում գերփոքրերին, և նույնքան էլ բաժին է ընկնում միջիններին և փոքրերին միասին վերցրած:
Այս վիճակագրության մեջ հետաքրքիրն այն է, որ եթե ուսումնասիրում ենք 2012թ.-ի տվյալները, նկատում ենք, որ և՛ գերփոքր, և՛ փոքր, և՛ միջին խանութների քանակը մեկ տարում նվազել է: Հատկապես արագ է նվազել գերփոքրերի թիվը՝ 2012թ.-ի 11 հազար 807-ից այս տարի հասնելով 10 հազար 531-ի:
Եվ այս նվազումներին զուգահեռ ոլորտում ավելացել են միայն խոշոր խանութները՝ 149-ից դառնալով 154: Սա էլ վկայում է այն մասին, որ մանրածախ առևտրում խոշորների, այսինքն՝ սուպերմարկետների թիվն ավելանում է, իսկ փոքր խանութներինը՝ նվազում:









































