ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս եկել էր օդանավակայան՝ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանին դիմավորելու և իր աջակցությունը հայտնելու համար. «Իհարկե, այն ամենը, ինչ «ռազմահայրենասիրական խմբավորումների» կողմից կար, մեծ խայտառակություն է, բայց այդ թաքուն նամակ գրողները, որ Զարուհուն հայհոյախառն գրում են, նույնիսկ չեն համարձակվում իրենց դեմքը ցույց տալ: Եթե ինչ-որ բան ունեն ասելու, թող գան ասեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Սաքունցի գնահատմամբ՝ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում շատ ճիշտ հարց է բարձրացրել, և որևիցե մեկն իրավունք չունի իր այդ կարծիքը հայտնելու համար նրա նկատմամբ ոտնձգություն թույլ տալու կամ առավել ևս սպառնալու. «Զառան, ըստ էության, նոր բան չասաց, բացի այդ՝ հստակ նշեց, որ նրան որպես նախագահ չի ճանաչում, և հարցը նախագահին չէր ուղղված»:
«Առաջին լրատվական»-ի այն դիտարկմանը, թե Փոստանջյանն իր ասածը չի կարող ապացուցել, իրավապաշտպանը պատասխանեց. «Լրատվական միջոցներով տարածվել է, Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի անձնական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը ժամանակին այդ մասին ասել է, և ես չեմ կարծում, թե նա օդից վերցրած բաներ է ասել:
Որևիցե մեկը չի հերքել, Սերժ Սարգսյանն առաջին անգամ դա հերքեց ԵԽԽՎ-ում… հետաքրքիրն այն էր, որ ասաց 70 միլիոն չունեմ, չգիտեմ՝ կարող է ավելին ունի՞: Իսկ նման մոտեցումը ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, թե՝ փողի կեսը կտայի, ուղղակի խայտառակություն է»:









































