Եվրամիության հետ համաձայնագիրը չի խանգարում Ուկրաինային անհրաժեշտության դեպքում միանալ Մաքսային միությանը, սակայն նման որոշման ընդունումը հնարավոր է հանրաքվեի ժամանակ, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը բելառուսական ԶԼՄ-ների հետ զրույցում:
Նա նշել է, որ ստորագրելով ԵՄ հետ ասոցացման պայմանագիր՝ Ուկրաինան չի կորցնում իր ինքնիշխանությունը ու ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը:
Մասնավորապես, համաձայնագրում կա հոդված, որը չի խանգարում Կիևին միանալ, պայմանագրեր կնքել թե ազատ առևտրի գոտիների, թե մաքսային միությունների մասին, հայտնում է RIA Novosti-ն:
«Դա մեր ինքնիշխան իրավունքն է: Եթե Ուկրաինան երբևէ գա այն եզրակացության, որ հնարավոր է ու նպատակահարմար մասնակցությունը Մաքսային միությանը, ապա օրինական կերպով կանցկացվի հանրաքվե: Ուկրաինան կարտահայտի իր կարծիքը, ու հանրաքվեում որոշում կընդունվի, որի իրականացմանը ոչ ոք երբեք չի կարող խանգարել»,- ասել է Ազարովը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինան ուսումնասիրում է պայմանագրեր, որոնք գործում են Մաքսային միության շրջանակում:








































