Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատավոր Արշակ Վարդանյանը մերժեց Սամվել Բաբայանի գույքի վրա դրված կալանքը հանելու և վերջինիս կալանավորումը վերացնելու մասին պաշտպան Ավետիս Քալաշյանի միջնորդությունը։
«Ազատության մեջ Բաբայանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին»,-նշեց դատավորը։
Մեկ այլ որոշմամբ՝ դատավորը թույլատրեց Սամվել Բաբայանի ընտանիքին և հարազատներին տեսակցել նրան, ունենալ հեռախոսազանգ։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Լուսանկարը՝ Photolure-ի










































