Ինդոնեզական Բալի կղզում մեկնարկում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Երեք օրերի ընթացքում այն կդառնա տնտեսական քննարկումների գլխավոր հարթակ այն երկրների համար, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի կեսից ավելին:
Աշխատանքային առաջին օրը կներկայացվեն Ինդոնեզիայի, Հնդկաստանի և Չինաստանի տնտեսական ներուժերը: Ակտիվ քննարկումներ են սպասվում կիրակի: Պատվիրակների ընդհանուր թիվը, ովքեր ներկայացնում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական էլիտան, կազմում է ավելի քան 1000 մարդ:
Գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ավստրալիայի, Բրունեյի, Վիետնամի, Ինդոնեզիայի, Կանադայի, Չինաստանի, Մալայզիայի, Նոր Զելանդիայի, Պապուա Նոր Գվինեայի, Պերուի, ԱՄՆ-ի, Սինգապուրի, Թայվանի, Թաիլանդի, Ֆիլիպինների, Չիլիի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ներկայացուցիչները:







































