Անկախ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարված վիճակից, գրեթե ամեն օր սահմանին ունեցած մեր զոհերից՝ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) շարունակում է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող «Մենք հարևաններ ենք» իր հեղինակած ֆիլմը բերել ավարտուն տեսքի: Նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են, ներկայումս մոնտաժային աշխատանքներ են կատարվում, և նախատեսվում է, որ հոկտեմբերի 15-ից հետո հնարավոր կլինի ֆիլմը ներկայացնել հանդիսատեսի դատին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ նախնական դիտումները ցույց են տալիս, որ նկարահանումները հաջողվել են: Ստացվել է այն, ինչ ցանկացել են ստանալ:
Ինչ վերաբերում է հակառակորդի հետ լարված հարաբերությունների պայմաններւոմ նման ֆիլմ նկարահանելուն և իր հասցեին հնչող քննադատություններին, ապա Հակոբյանը դրանք համարում է կեղծ հայրենասիրություն և դրանից դրդված քննադատություն:
«Այդ իսկ պատճառով էլ ֆիլմի հենց սկզբում գրվելու է, որ ֆիլմն արգելվում է դիտել կեղծ հայրենասերներին: Ֆիլմը սկսվում է հենց այդ տողերով: Մենք խաղաղության կողմնակից ենք և կարծում ենք, մեր քաղաքականությունը ևս դրան է գնում: Մենք, մեր քաղաքականությունը խաղաղություն է քարոզում և ամեն ինչ տանում է դեպի խաղաղության: Ես մինչ օրս մեր քաղաքականության մեջ չեմ տեսել որևէ մի ազդակ, որը կտանի պատերազմի: Մենք պաշտպանվող երկիր ենք: Եթե որևէ մեկը փորձի մեզ վրա հարձակվել, մենք կպաշտպանվենք, բայց հարձակվել որևէ այլ երկրի վրա մենք չենք պատրաստվում»,- նկատեց Հակոբյանը:
Հակոբյանի խոսքով՝ պետք է երկու երկրների ժողովուրդներին պատրաստել նրան, որ պետք է գնալ զիջումների՝ հանուն խաղաղության: «Ժողովրդին պատրաստելը մեծ ջանքեր է պահանջում, դա ժամանակ է պահանջում, որը պետք է իրագործեն մեր մտավորականները, քաղաքական գործիչները, պետության ներկայացուցիչները: Նրանք տարբեր քայլերով, տարբեր լուծումներով պետք է ցույց տան, որ պետք է գնալ զիջման խաղաղության դիմաց, որ դա ամենակարևոր բանն է մեր երկրի, մեր ժողովրդի համար: Նույնն էլ պետք է անեն Ադրբեջանի իշխանությունները»,- եզրափակեց Հակոբյանը:
Ֆիլմում դեպքերը սկսվում են 1988 թվականից, երբ հայ ու թուրք ընտանիքն ապրում է Հայաստանում: Հետո գործողությունները զարգանում են մինչև 2016 թվականի ապրիլ:










































