Էջմիածին քաղաքի տոնն այս տարի հինգերորդ անգամ՝ սկսած 2009-ից, կնշվի հոկտեմբերի 8-ին: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն այսօր լրագրողներին ներկայացրեց Էջմիածին քաղաքի տոնին նվիրված միջոցառումների ծրագիրը:
Քաղաքապետի խոսքով՝ հինգ հազար տարվա պատմություն ունեցող քաղաքում մտադիր են տոնի նախօրեին շաբաթօրյակ կազմակերպել, տոնի համար խորագրեր ընտրել, ինչպես օրինակ՝ «Դարը քեզ համար ակնթարթ է, հազարամյա Էջմիածին» և այլն: Տոնի շրջանակներում դպրոցներում հայտարարվել է շարադրության մրցույթ՝ «Իմ հին ու նոր Էջմիածին» վերնագրով:
Քաղաքը 1945-ին Ստալինի որոշմամբ վերանվանվեց Էջմիածին. մինչ այդ քաղաքը տարբեր անուններ է ունեցել՝ Վաղարշապատ, Կայնապոլիս և այլն:
Տոնի շրջանակներում կայցելեն Արցախյան հերոսամարտի հուշարձանին, կկազմակերպվեն շքերթ, տոնական համերգ, հրավառություն և այլն:
Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին՝ ի՞նչ միջոցներով է տոնակատարությունը կազմակերպվում: Կարեն Գրիգորյանի խոսքով՝ բարի ավանդույթ է ձևավորվել. Էջմիածնի բնակիչները փորձում են իրենց միջոցներով օգտակար լինել քաղաքին, քաղաքապետարանի միջամտությունը շատ չնչին է լինում՝ 30-40 տոկոս:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք համերգին հրավիրված շոու-բիզնեսի աստղերը հնարավո՞ր է նորից մեծ գումարներով գան երգելու՝ հաշվի առնելով Նունե Եսայանի՝ անկախության տոնին պետբյուջիեց հսկայական հատկացումները: Քաղաքապետը նշեց, որ իրենք միայն սարքավորումների վարձակալության գումարներն են հատկացրել, իսկ երգիչները պարզապես անվճար կերգեն:
Նա նշեց, որ քաղաքը ինքը համարում է մեծ տուն, որը ժամանակ առ ժամանակ վերանորոգման կարիք ունի. այսօր քաղաքում կան բազմաբնակարան շենքերի պահպանման խնդիրներ, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Քաղաքապետը անկեղծորեն խոստովանեց, որ քաղաքը զբոսաշրջիկների համար գայթակղիչ չէ, նրանք գերադասում են մնալ Երևանում: Այս հանգամանքը նա պայմանավորեց նրանով, որ Էջմիածնում մինչև հիմա չկա հյուրանոցային համալիր, թեև մինչև ֆինանսատնտեսական ճգնաժամը որոշակի պարտավորություններ են ձեռք բերվել, սակայն ճգնաժամից հետո դրանք դադարել են:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































