ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի կարծում, որ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում ցուցաբերած պահվածքն այն հարցն է, և Փոստանջյանն այն անձն է, որի մասին դատապարտումով պետք է հանդես գալ: Հոկտեմբերի 4-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ Վարդանյանը նշեց, որ այստեղ անելիք ունի «Ժառանգություն» խմբակցությունը:
«Մենք բոլորս տիկին Փոստանջյանին ճանաչում ենք, նա թուրք չէ, հայ կին է, չորս երեխաների մայր, նրա գործողություններին մենք առիթ ունեցել ենք ականատես լինելու: Ակնհայտ է, որ այդ հարցն այդ տեղում հարիր չէր տալ»,- ասաց նա:
Վարդանյանի փոխանցմամբ՝ մեկ տարով ռոտացիա պիտի լինի, պատվիրակության կազմում Փոստանջյանի փոխարեն ընդգրկվի այլ խմբակցության ներկայացուցիչ, որից հետո «Ժառանգությունը» կորոշի՝ ում ընտրել:
Խմբակցության քարտուղարը համաձայն չէ կարծիքի հետ, որ Փոստանջյանի ելույթը կեղտոտ սպիտակեղենը ցուցադրել էր, նրա համոզմամբ՝ Հայաստանը աշխարհի մաս է, մեր խնդիրները պիտի այնտեղ բարձրացվեն: «Մենք կողմնակից ենք, որ դրանք ասվեն, բայց ասում ենք, որ շատ ավելի ծանր հարց կարելի էր տալ հանրապետության նախագահին, հարց՝ մեր ներքին պրոբլեմների մասին»,- ասաց նա՝ իբրև օրինակ նշելով աշխատավարձերի բարձրացման մասին նախագահի հայտարարության, հասարակության սպասելիքների և իրականության ակնհայտ հակասությունը:
Ա.Վարդանյանը նաև նշեց, որ ներկայումս արտագաղթի պրոբլեմ կա, որ տեսանելի է բոլորին: ՀՅԴ-ն փորձ է արել, աշխատել է ստեղծել արտագաղթի կասեցման ծրագիր և ինտենսիվ քննարկում է այն բոլոր ուժերի հետ, փորձում ծրագիրն ամբողջացնել, դարձնել գործուն ծրագիր, որ մեր երկրին օգուտ կբերի: Նա վստահ է՝ վերջին տարիներին իրենք դիրքորոշման փոփոխությամբ հանդես չեն եկել, երբևէ չեն ասել, որ իշխանափոխություն անհրաժեշտ չէ մեր երկրին: ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի՝ դեսպան նշանակումից, Վարդանյանի համոզմամբ, երկիրը կշահի: «ՀՅԴ-ն գուցե որոշակի առումով կտուժի, բայց կուսակցությունն ինքն իր համար չէ, երկրի համար է, պետականության համար, ոչինչ, դրան էլ կդիմանանք»,- ասաց նա:
Հարցին՝ կարո՞ղ է նախագահը մտափոխվել և Վահան Հովհաննիսյանին դեսպան չնշանակել, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ նման բան չի ենթադրում. կա արարողակարգ, նոտա պիտի ուղարկվի:








































