«Առաջին լրատվական»-ը երեկ ամբողջ օրը փորձեց պաշտոնական տեղեկություն ստանալ Լոռու մարզպետարանից Վանաձորի թիվ 8 դպրոցի տնօրենի ազատման հիմքերի վերաբերյալ, ինչն այդպես էլ չհաջողվեց: Մարզպետարանի իրավաբանն արձակուրդում է, մարզպետը, ինչպես միշտ, լրագրողների համար անհասանելի, կրթության վարչության պետն էլ, որ «պատահաբար» աշխատասենյակում էր, պարզվեց` ցանկություն չունի խոսելու այդ թեմայով: Հարցին` տնօրենի ազատման պատճառն իր կողմից աշխատանքից ազատված ուսուցչուհու հետ դատական գործընթացնե՞րն էին, վարչության պետ Մինաս Սայադյանը պատասխանեց. «Դա այնքան է քննարկվել, որ ինձ թվում է` ամբողջ հանրապետությունը այդ մասին տեղեկացված է»:
Մյուս հարցին` ի՞նչ փուլում է դատարանի վճիռներով դպրոցի բյուջեից հօգուտ նախկին ուսուցչուհու գումարների բռնագանձման գործընթացը, վարչության պետը պատասխանեց. «Ես այդ հարցերին պատասխանելու ցանկություն այս պահին չունեմ, որովհետև ձեր հարցը այնքան է քննարկվել, իմ կարծիքով` դուք ամեն ինչին տեղյակ եք, ուղղակի մեկ անգամ ևս ցանկանում եք վարչության պետի բերանից լսել»:
Օրերս «Առաջին լրատվական»-ի` Լոռու մարզպետին ուղղված մեկ այլ գրավոր հարցում նույնպես մնացել է անպատասխան, մնում է ենթադրել` դարձյալ տեղեկատվությանը չտիրապետելու պատճառով: Մարզպետից խնդրել էինք Լոռու բոլոր բուժհաստատությունների հաստիքացուցակներն ու դրույքաչափերը` ըստ բուժաշխատողների մասնագիտացման, քանի որ, մեր տեղեկություններով, բժշկական մասնագիտությունների գծով շատ հաստիքներ տարիներով չեն լրացվում կամ հարակից մասնագետների կողմից են զբաղեցվում` տարբեր դրույքաչափերով: Մարզպետը պատասխանել է, թե աշխատանքի վարձատրությունը կատարվում է համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված չափորոշիչների, իսկ հետաքրքրող կոնկրետ հարցերի դեպքում կարող ենք դիմել առողջապահական ընկերություններ:








































