Սաուդյան Արաբիայի Քասիմ մարզի դատարանը տեղի չորս բնակիչների դատապարտել է ազատազրկման և մտրակի հարվածների այն բանի համար, որ նրանք մերկ պարել են այլ մարդկանց ներկայությամբ՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Մեղադրական դատավճիռ կայացնելու համար հիմք է հանդիսացել տեսանյութը, որը հրապարակվել է YouTube-ում: Տեսանյութում տղամարդիկ պարում են ավտոմեքենայի վրա կանգնած: Գործակալությունը նշում է, որ նրանցից ոչ մեկը մերկ չէ:
Դատապարտյալներից մեկը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և մտրակի 2000 հարվածի, երկրորդը՝ 7 տարվա ազատազրկման և մտրակի 1200 հարվածի, իսկ մյուս երկուսը ճաղերի հետևում կանցկացնեն երեքական տարի և կստանան մտրակի 500 հարված: Բանտարկյալների կյանքը փրկելու համար նրանց աստիճանաբար են ենթարկում մտրակի հարվածների:
Դատավճռում ասվում է, որ տղամարդիկ համացանցում հրապարակել են «ոչ պատշաճ պարերի տեսանյութ, որը դրդում է անբարոյականության, ինչն էլ խախտում է հասարակությունում ընդունված վարքի և բարոյականության կանոնները»:
Դատապարտյալների անունները և տարիքը չեն հաղորդվում, հայտնի է, որ նրանցից երկուսն իրավապահ կառույցների աշխատակիցներ են:










































