Twitter-ում կրկին սկսել են հայտնվել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման համար պատասխանատու Շվեդիայի ակադեմիայի անդամների կեղծ օգտահաշիվներ, որոնք վկայում են մոտեցող Նոբելյանական օրերի մասին:
Ակադեմիայի քարտուղար Փիթեր Էնգլունդը հերթական անգամ հայտարարել է, որ որևէ առնչություն չունի այդ օգտահաշիվների հետ:
Նա իր պաշտոնական բլոգում կրկին գրել է այն, ինչ գրել էր անցած տարի, թե՝ երբեք թվիթներ չի գրել, չի գրում և չի գրի, և որ իր անունից հայտնվող բոլոր օգտահաշիվները կեղծ են:
Ֆիզիոլոգիայի կամ բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, ինչպես նաև տնտեսության ոլորտներում մրցանակակիրների անունները կհայտարարվեն Ստոկհոլմում՝ հոկտեմբերի 7-14-ը: Հոկտեմբերի 11-ին Օսլոյում հայտնի կդառնա Խաղաղության Նոբելյան մրցանակակրի կամ մրցանակակիրների անունները:
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակրի անունը հայտարարելու օրը դեռևս հայտնի չէ:









































