Ռումբերի կեղծ դետեկտորները, որոնք ստեղծել էր բրիտանացի խարդախ Ջեյմս Մակկորմիկը, դեռևս օգտագործվում են Իրաքում, գրում է The Guardian-ը:
Ինչպես հայտնել է ոստիկանությունը, Իրաքի հսկիչ անցակետերում նախկինի պես կիրառվում են Մակկորմիկի դետեկտորները: Իրաքի պաշտոնատար անձինք դրանում մեղադրում են կառավարությանը, որի «հակասական հայտարարությունները» ձգձգել են ռումբերի կեղծ դետեկտորների փոխարինումը պայթուցիկների հայտնաբերման ավելի արդյունավետ միջոցով՝ շներով:
Բրիտանացի խարդախ Մակկորմիկը 2013-ի մայիսին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ ռումբերի կեղծ դետեկտորների վաճառքի համար: Գոլֆի գնդակների հայտնաբերման սարքի հիման վրա պատրաստված դետեկտորների միջոցով նա ավելի քան 50 մլն ֆունտ է աշխատել: Նա շուրջ 6000 դետեկտոր է վաճառել Իրաքին և հազարը՝ զինված ուժերի այլ ներկայացուցիչների, այդ թվում՝ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահներին:










































