ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը կքննարկեն սիրիական հարցը հոկտեմբերի 7-ին Ինդոնեզիայում տեղի ունենալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին:
Նախագահի օգնականը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները կքննարկեն պայմանավորվածությունների զարգացումն ու սիրիական դոսյեի շուրջ համատեղ աշխատանքի արդյունքները:
Ուշակովի խոսքով՝ Բալիում հանդիպումը կդառնա G20-ի պետերբուրգյան գագաթնաժողովում նախագահների «դինամիկ և շատ օգտակար շփման» շարունակությունը:
«Այդպիսի հանդիպման կազմակերպչական պարամետրերը համաձայնեցվում են կողմերի միջև, և մենք կարծում ենք, որ այդպիսի հանդիպում կկայանա»,- հայտարարել է նախագահի օգնականը:
Նա նշել է, որ ռուսական ղեկավարության մեջ այդ նախաձեռնությունն առաջացել է գագաթնաժողովի նախապատարստության ժամանակ և արժանացել ամերիկյան կողմի հավանությանը:
Ավելի վաղ Պուտինի և Օբամայի հնարավոր լիարժեք հանդիպման մասին էր հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:








































