ВР բրիտանական նավթագազային ընկերությունը Մեքսիկական ծոցից սկսել է աշխատակիցներին մասնակիորեն տարհանել՝ ուժեղ արևադարձային փոթորկի ձևավորման սպառնալիքի պատճառով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ցիկլոնը մոտակա ժամանակներս կձևավորվի Մեքսիկական ծոցի կենտրոնական մասում: Այս շրջանում տեղակայված են BP-ի ծովային նավթագազային չորս հարթակներ, այդ թվում՝ աշխարհի ամենախոշոր Thunder Horse հարթակը, որը կարող է օրական արտադրել 250 հազար բարել նավթ և 200 միլիոն խմ բնական գազ:
Դեռևս տարհանվում են միայն այն աշխատակիցները, որոնք անմիջական մասնակցություն չեն ունենում էներգակիրների արդյունահանման գործողությանը: Ընկերության հաղորդագրության համաձայն՝ նավթի և գազի արդյունահանումը հարթակներում չի դադարեցվել:








































