Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այսօր ընթացող հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետին՝ նշելով, որ նախորդ նիստի ժամանակ «ահագին խոսել են» նրա մասին:
«Մենք Ձեր մասին խոսել ենք «Փակ շուկայի» համատեքստում: Ինձ համար զարմանալի փաստ արձանագրվեց՝ չնայած դահլիճում էր քաղաքաշինության նախարարը, որին վերաբերում էր այս խնդիրը, նա, սակայն, նույնիսկ փորձ չարեց պարզաբանումներով հանդես գալ: Համոզված եմ՝ Ձեզ զեկուցել են, արձագանքներից ենթադրում եմ՝ կառավարությունը չի կարողացել միջոցներ ձեռնարկել «Փակ շուկա» հուշարձանի պահպանության համար»,- ասաց նա:
Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ կառավարությունը չի իրականացրել հուշարձանների պահպանության իր լիազորությունները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ մշակույթի, քաղաքաշինության նախարարներն իրեն զեկուցել են՝ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում քննարկել են այս հարցերը, ունեցել են բանակցություններ քաղաքապետարանի հետ, որոշվել է հաշվի առնել օրենսդրությամբ սահմանված բոլոր որոշումները:
Վարչապետի պատասխանին Փաշինյանն արձագանքեց. «Չինաստանում Ձեր գտնվելն ավելի խոսուն էր, քան Ձեր պատասխանը: Ես չհասկացա՝ ի՞նչ եք ասում: Դուք ուղղակի հերթական անգամ չունեք պատասխաններ և ուղղակի ամբիոն եք բարձրանում՝ ինչ-որ ժամանակ լրացնելու համար: Գոնե երեք րոպե խոսեիք, իմանայի՝ ինչ-որ բան ունեք խոսելու»,- ասաց նա՝ հավելելով, որ հերթական անգամ կառավարությունն ապացուցեց, որ ի վիճակի չէ օլիգարխների ոչ թե շահերին, այլ քմահաճույքներին հակասող որոշումներ ընդունել:
Փաշինյանի արձագանքը առաջացրեց վարչապետի զայրույթը: Նա նշեց, որ Փաշինյանի համար ընդհանրապես կարևոր չէ՝ ինչ է քննարկվում, ինչ հարց է ինքը բարձրացնում: «Ձեզ հետաքրքրում են միայն Ձեր գնահատականները, որ տալիս եք: Մենք ձանձրացել ենք Ձեր գնահատականները լսելուց, դրանք դառնում են անհետաքրքիր, որովհետև պարբերաբար կրկնվում են: Կարևոր չէ՝ մենք այսօր ինչի մասին ենք խոսում, Ձեր գնահատականները միշտ եղել են նույնը, դրա համար կարծում եմ՝ Ձեզ չի հետաքրքրում շուկան, հետաքրքրում են միայն Ձեր ամբիցիաները, որ դուք մեր քաղաքացիներին դուր գաք»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ կարող է նույնպիսի վիրավորական արտահայտություններով պատասխանել, սակայն չի ուզում իջնել այդ մակարդակին: Նրա խոսքով՝ կա խնդիր, եղել են դեբատներ, սանկցիաներ են կիրառվել, որ կարողանան խնդրի ճիշտ լուծում գտնել:








































