Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Մաչկալյանի, Վաչագան Սուքիասյանի, Գևորգ Ասատրյանի և Հովհաննես Մուսաբեկյանի գործով այսօր տեղի ունեցավ դատական նիստ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:
Չորս ամբաստանյալները միահամուռ չեն գործել իրենց մեղսագրված հանցավոր արարքները: Առաջին երկուսը, կարելի է ասել, վերջին երկուսի հակառակորդ «թիմից» են եղել, ավելին, վերջիններիս գործողություններից Դավիթ Մաչկալյանը տուժել է և՛ ֆիզիկապես, և՛ նյութապես: Ու, զարմանալիորեն, նախաքննական մարմինը նրան տուժողի կարգավիճակով չի էլ օժտել: Այդ սխալն այսօր ուղղեց դատարանը, և Դավիթ Մաչկալյանը հիմա ոչ միայն ամբաստանյալ է, այլև՝ տուժող:
Չորս ամբաստանյալները մեղադրվում են որոշակի հանցավոր արարքների կատարման համար, միայն թե այդ արարքները միմյանց հետ առանձնապես կապված չեն, ու ամբաստանյալի աթոռին նստած տղամարդկանց քառյակով նախաքննական մարմինը խիստ խայտաբղետ մի «փունջ» է կազմել:
Ըստ մեղադրանքի՝ 40-ամյա Դավիթ Մաչկալյանը և 56-ամյա Վաչագան Սուքիասյանը օրական 10 հազար դրամ վարձատրության դիմաց թույլատրել են մարմնավաճառուհի Էմմա Մ.-ին նստել իրենց անձնական օգտագործման մեքենաները, շրջել Երևանի Լենինգրադյան փողոցով, այնուհետև Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում:
Օրվա ընթացքում Էմման պարբերաբար զբաղվել է մարմնավաճառությամբ և յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո տաքսիստներին վճարել ևս հազար դրամ:
Ըստ նախաքննական մարմնի՝ մարմնավաճառի «անհատական» տաքսիստներ Մաչկալյանն ու Սուքիասյանը առանձին-առանձին, ոչ որպես հանցակիցներ նպաստել են պոռնկությամբ զբաղվելուն: Նրանց՝ յուրաքանչյուրին իր «նպաստումի» համար, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով:
19-ամյա տաքարյուն երիտասարդներ Գևորգ Ասատրյանն ու Հովհաննես Մուսաբեկյանը 2013 թվականի ապրիլի 22-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում գնացել են Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտայի կամուրջ տանող հատված: Նրանք ինչ-ինչ հարցերով համաձայնության չեն եկել մարմնավաճառներին «սպասարկող» տաքսիստ Մաչկալյանի և նրա կողմնակիցների հետ: Վիճաբանություն է սկսվել:
Գևորգն ու Հովհաննեսը ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել Մաչկալյանին՝ պատճառելով աջ քունքային շրջանի սալջարդ, աջ արմնկահոդի և աջ ծնկային հոդի շրջանի քերծվածքներ, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդ, քթի միջնապատի և մաղոսկրի կոտրվածք, սուբարախնոիդալ արյունազեղում, աջից՝ 9-11-12 կողերի գծային չտեղաշարժված կոտրվածք:
Մաչկալյանի առողջությանը պատճառվել է միջին վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Ասատրյանը վիճաբանության ժամանակ նաև հարվածներ է հասցրել հակառակորդ «թիմից» ոչ թե արական սեռի Աղվանին՝ որպես տուժող այդպես է նշված «Դատալեքսում», այլ իգական սեռի Աղավնուն՝ պատճառելով աջ ուսահոդի շրջանի հետին մակերեսի, աջ ոտնաթաթի թիկնային մակերեսի քերծվածքներ, ընդհանուր առմամբ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Գևորգ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 118 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Հովհաննես Մուսաբեկյանը, բացի Մաչկալյանի մարմնի տարբեր մասերից՝ հարվածներ է հասցրել նաև Մաչկալյանի «Պոնտիակ Վիբե» մակնիշի տաքսի ավտոմեքենայի աջ կողմի կենտրոնական հատվածին, առջևի աջ կողմի անվաթևի կենտրոնական հատվածին, աջ կողմի առջևի դռանը, հետևի թափարգելի աջ կողաեզրային բռնակի վերին հատվածին: Այս գործողությունների արդյունքում Մաչկալյանին պատճառվել է 68 հազար դրամի գույքային վնաս:
Հովհաննես Մուսաբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 185 հոդվածի 1-ին մասով:
Չորս ամբաստանյալներն էլ կալանքի տակ չեն, նրանք ստորագրություն են տվել չհեռանալու մասին:
Այսօր տուժողի ներկայացուցիչը միջնորդեց, որ երեք «սերիայից» բաղկացած այս քրեական գործը բաժանվի ըստ հանցագործությունների և հանցագործների:
Ներկայացուցչի կարծիքով՝ քննիչն այս գործով թույլ է տվել դատավարական կոպիտ խախտում: Նա միավորել է երեք անմիավորելի քրեական գործեր, բացի դրանից՝ Մաչկալյանին էլ տուժողի կարգավիճակ չի շնորհել՝ ֆիզիկապես ու նյութապես մարդու կրած վնասները ստորադասելով նրան մեղսագրված ու նրա ծեծվելու գործի հետ ոչ մի առնչություն չունեցող արարքին:
Ներկայացուցիչն իր միջնորդության մեջ շեշտեց այն հանգամանքը, որ օրենքի պահանջով քրեական գործերը կարող են միավորվել միայն հանցակցության և հանցավոր արարքի կրկնակիության սկզբունքներով:
Տվյալ դեպքում Գևորգ Ասատրյանի ու Հովհաննես Մուսաբեկյանի կատարած հանցավոր արարքը Երևանյան լճի մոտ ոչ մի կապ չունի Դավիթ Մաչկալյանին ու Վաչագան Սուքիասյանին մեղսագրված արարքների հետ: Վերջիններս էլ, ճիշտ է, քրեական օրենսգրքի նույն հոդվածի նույն մասով են մեղադրվում, սակայն հանցակիցներ չեն, նախնական համաձայնությամբ չեն գործել, նրանց գործողությունները միմյանց հետ կապ չունեն:
Ըստ ներկայացուցչի՝ ներկայումս ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող մեկ քրեական գործից պետք է առանձնացնել երեք գործ՝ Ասատրյանի և Մուսաբեկյանի գործը, որտեղ տուժողներն են Մաչկալյանն ու Աղավնին, ապա՝ Դավիթ Մաչկալյանի գործը և Վաչագան Սուքիասյանի գործը՝ որպես առանձին քրեական գործեր:
Դատավարության կողմերը՝ չորս ամբաստանյալները, մեկ պաշտպանը եւ տուժողներ Մաչկալյանն ու Աղավնին միացան այս միջնորդությանը:
Դեմ արտահայտվեց միայն մեղադրողը: Վերջինս ասաց, թե երեք գործերը միավորվել են, որովհետև նույնն է եղել «գործող անձանց» շրջանակը՝ նույն վկաներն են, նույն կողմերը… Համարյա թե…
Երկու բան էլ կա, որ ընդհանուր է երեք գործերում. մարմնավաճառները, մեկ էլ Երևանյան լճափի այն հատվածը, որ իրենց հավաքատեղին են դարձրել հնագույն արհեստի ներկայացուցչուհիները:
Հիշյալ վայրը մեր մայրաքաղաքում աչքի է ընկնում անհանգիստ քրեական իրավիճակով: Շատ են այս վայրում կատարվող կամ այս վայրից սկսվող հակաօրինական գործողությունները: Եթե դրանց բոլորով հարուցված քրեական գործերը միացվե՜ն…
Նախագահող դատավորը վերոհիշյալ միջնորդության վերաբերյալ կայացրած որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստին:








































