2050թ. Երկրի բնակչության թիվը կավելանա գրեթե 2,6 մլրդ մարդով ու ներկայիս 7,141 միլիարդից կհասնի 9,731 միլիարդի:
Նման կանխատեսումներ են պարունակվում զեկույցում, որը հրապարակելու է այսօր Ժողովրդագրական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտը (Institut national d’etudes demographiques, INED):
Դրանով, սակայն, բնակչության համաշխարհային աճը չի դադարի, իսկ 21-րդ դարի վերջին մոլորակի վրա կապրի մոտ 11 մլրդ մարդ, նշվում է զեկույցում:
Գիտնականները ուշադրություն են հրավիրում այն բանին, որ 6 մլրդ-ի սահմանագիծը հատվել է 1999թ, իսկ արդեն 2011-ին մոլորակի բնակչության թիվը ավելացել է ևս 1 մլրդ-ով:
Ներկայումս բնակչության թվով առաջատարը Չինաստանն է (1,36 մլրդ մարդ կամ մոլորակի ընդհանուր բնակչության 19%-ը), երկրորդ տեղում Հնդկաստանն է (1,27 մլրդ, 17,4 տոկոս), ապա`ԱՄՆ-ը (316,2 մլն կամ 4,4%):







































