Եվրոպական պետությունների սպառողները շարունակում են հրաժարվել ավտոմեքենաներից, ընդ որում՝ նրանցից շատերը նույնիսկ ֆինանսական վիճակի բարելավման դեպքում այդպիսի գնում չեն ծրագրում՝ նախընտրելով ներդրումներ կատարել թոշակային ֆոնդում: Այս իրադրությունը թույլ չի տալիս խոսել ավտոմեքենաների ոլորտում ճգնաժամի ավարտի մասին, գրում է The Wall Street Journal-ը:
Նոր գրանցված մեքենաների թիվը վերջին 20 տարիներին ընկել է մինչև նվազագույնը:
Ոլորտի որոշ ներկայացուցիչներ նշում են, որ Եվրոպայի ճգնաժամը ոչ միայն ավտոմեքենաների վաճառքի անկում է առաջացրել, այլև դարձել է ավտոմեքենաների սպառման նվազեցման պատճառ, իսկ դա նշանակում է, որ շատ գործարաններ կփակվեն, և աշխատատեղեր կկրճատվեն:
Այժմ ավտոմեքենան կարգավիճակի խորհրդանիշ չի համարվում, երիտասարդությունն ավելի հազվադեպ է վարորդական իրավունք ստանում, իսկ վառելիքի գինն աճում է: Բոլոր գործոնները նպաստում են ավտոմեքենաների վաճառքի նվազեցմանը:
Ու թեև ԱՄՆ-ում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր ավտոմեքենա վարել գիտեն, Եվրոպայում այդ ցուցանիշը կրճատվում է:
Վաճառքի մեծ ծավալներ ունեցող ավտոարտադրողները Եվրոպայում վաճառքի նվազեցումը ստիպված են փոխհատուցել Չինաստանում և այլ զարգացող երկրներում պահանջարկի աճի հաշվին:
Հատկանշական է, որ եվրոպացի երիտասարդների մեծամասնությունը չի ծրագրում մեքենա գնել մինչև 35-40 տարեկանը, քանի որ այն անհրաժեշտություն չի համարվում հասարակական տրանսպորտի ներկայիս զարգացվածության պայմաններում:









































