2008 թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի վարույթն իրականացնող ՀՔԾ-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը երեկ հայտարարել էր, որ ո՛չ 10 զոհերի, ո՛չ այլ հանգամանքերի հարցում առայժմ որևէ բան չի պարզվել։
«Այսպես էլ շարունակելու են։ Ամեն անգամ, յուրաքանչյուր առիթով ասելու են, որ ոչ մի նոր բան չի բացահայտվել»,- հուսահատ ասում է «7-ի գործով» փաստաբան Հովիկ Արսենյանը։ Ըստ նրա՝ քրեական գործի բացահայտման նախապայման է դրդապատճառների վերհանումը։ «Եթե դա անեն, պարզ կդառնա, որ մարդիկ ընդամենը իրենց սահմանադրական իրավունքն են պաշտպանել՝ կեղծված ընտրությունների արդյունքների հետ չհաշտվելով»։
«7-ի գործով» փաստաբան Հովիկ Արսենյանին խնդրեցինք դիտարկել այս գործում առաջընթացի բացակայությունը այն համատեսքում, որ նախագահի կողմից հրահանգ էր իջեցվել նոր թափ հաղորդել Մարտի 1-ի բացահայտման գործին։ Ըստ Արսենյանի՝ նախագահի հանձնարարականից հետո ոչ մի առաջընթաց չի գրանցվում, որովհետև պարզապես չկա Մարտի 1-ը բացահայտելու շահագրգռվածություն։








































