ԱՄՆ-ում 2.1 միլիոն պետական ծառայողներից ավելի քան 800 հազարը հարկադիր, չվճարվող արձակուրդի կուղարկվի: Դա կապված է այն բանի հետ, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը և Կոնգրեսում հանրապետական ընդդիմությունը չեն կարողացել համաձայնեցնել 2014թ. ֆինանսական տարվա դաշնային բյուջեն: Ֆինանսական տարին երկրում սկսվում է այսօր: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այս առնչությամբ Օբաման հանդես է եկել ելույթով: Նրա խոսքով՝ երկրի տնտեսությանը հարված կհասցվի հենց այն պահին, երբ այն նոր է սկսել վերականգնվել:
Այժմ ամերիկյան շատ պետական հաստատություններ ստիպված են դադարեցնել իրենց աշխատանքը: Կդադարեցվեն սոցիալական ապահովագրության վճարների նոր հայտերի ընդունումը, հիփոթեքային վարկերի պետական աջակցությունն ու փոքր բիզնեսի վարկերի տրամադրումը: Կփակվեն ազգային պարկերն ու թանգարանները, գրեթե ամբողջությամբ կդադարեցվի NASA տիեզերական գործակալության աշխատանքը:
Օբամայի խոսքով՝ նախարարություններն ու գերատեսչությունները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության ապահովման, այդ թվում՝ արտաքին քաղաքական գործունեության համար, կշարունակեն աշխատել:
Ավիակարգավարները, բանտապահները, մաքսային ծառայողները կշարունակեն ծառայությունը, սակայն նրանց աշխատավարձերի վճարումը կհետաձգվի մինչև կառավարության աշխատանքի վերսկսումը: Կանոնավոր ուժերի զինծառայողների աշխատավարձերի վճարումը չի կասեցվի:









































