Սկանդալային հագուստների հանդեպ Լեդի Գագայի կիրքը քիչ էր մնում վերջնականորեն սնանկացներ նրան: Երգչուհին լրագրողներին հայտնել է, որ մեծ գումարներ է ծախսել իր «Հրեշների երեկույթ» շրջագայության ժամանակ և սնանկացման եզրին է կանգնած:
Մեկուկես տարի տևած և 200 համերգներից բաղկացած շրջագայությունից հետո երգչուհին հայտնվել է պարտքերի մեջ և այժմ պարտք է մոտ 3.3 միլիոն դոլար: Նա չէր էլ մտածում, թե կարող է սնանկանալ:
25-ամյա երգչուհին իր գործակալների հետ զրույցում զարմացել է. «Ինչու՞ են բոլորն ասում, որ ես գումար չունեմ: Ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ, եթե իմ սինգլներից հինգը զբաղեցնում են առաջին հորիզոնականները», – որին ի պատասխան լսել է. «Որովհետև դու պարտք ես 3 միլիոն դոլար»:
Ֆինանսական վիճակն այնքան վատ է եղել, որ շրջագայության առաջին փուլից հետո նրանք ստիպված են եղել լուրջ փոփոխություններ մտցնել ծրագրի մեջ, որը և թույլ է տվել ստանալ 138 մլն ֆունտի եկամուտ և որոշակի չափով շտկել իրավիճակը: Երգչուհին բացատրում է, որ ինքն իր պարտքերի մասին որևէ բան չի իմացել, քանի որ փողն իր կյանքում գլխավոր դեր չի խաղում:
«Անկեղծ, գումարն ինձ համար նշանակություն չունի: Իմ ամենաթանկ բաները, որ գնել եմ, եղել է սրտի մխոցը հորս համար և Rolls-Royce-ը՝ ծնողներիս ամուսնության տարեդարձին»:









































