Սեպտեմբերի 28-30-ը Ծաղկաձորում, նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և աջակցությամբ Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի, Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել էկումենիզմին նվիրված սեմինար, որին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերից, Հայ Կաթողիկե Եկեղեցուց, հասարակական զանազան կազմակերպություններից և քրիստոնեական երիտասարդական միություններից:
Սեմինարը սկսվել է միասնական Տերունական աղոթքով, որից հետո սեմինարի կազմակերպիչ Գոհար Ղալաչյանն ամփոփ ներկայացրեց ծրագրի նպատակը, սկզբունքները և օրակարգը: Եռօրյա դասընթացին զեկուցումներով հանդես է եկել Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը և Կլոր Սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ղարիբ Հարությունյանը: Զեկուցողներն անդրադարձան էկումենիկ շարժման ստեղծման պատմությանը, նպատակին, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կառուցվածքին, Հայ Եկեղեցու մասնակցությանը էկումենիկ շարժմանը, միջեկեղեցական աստվածաբանական երկխոսություններին և արդի մարտահրավերներին, որոնք ծառացած են Քրիստոնեական Եկեղեցիների առաջ:
Բանախոսները, ներկայացնելով ԵՀԽ-ի երիտասարդական ծրագրերը, ընդգծել են նաև էկումենիկ շարժման մեջ երիտասարդության ներգրավվածության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի գործունեությանը կրթական, սոցիալական և համայնքային զարգացման ոլորտներում:
Սեպտեմբերի 29-ին սեմինարի մասնակիցները Կեչառիսի վանական համալիրում մասնակցել են նաև Ս. Պատարագին:








































