Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ ընթանում է Կարեն Ջալավյանի և Ռուստամ Երվանդյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ զորամասի հրամանատար, կոչումով՝փոխգնդապետ, 42-ամյա Կարեն Ջալավյանը, լինելով պաշտոնատար անձ, հակառակ ծառայության շահերի օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը և պաշտոնեական դիրքը, նյութական օգուտ ստանալու նպատակով որոշակի ժամանակահատվածում շարքայիններ Ռուստամ Երվանդյանին և Նարեկ Խալաթյանին ապօրինի կերպով, ինքնակամ ազատել է օրենքով սահմանված զինվորական ծառայության պարտականությունների կատարումից, ոտնահարելով զինվորական կառավարման ապարատի նորմալ գործունեության շահը, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանները, կատարել է իշխանազանցություն:
Մասնավորապես, նա Երվանդյանին ու Խալաթյանին ներգրավել է զորամասի հարակից տարածքում գտնվող անասնագոմում սեփականության իրավունքով իրեն պատկանող մանր և խոշոր եղջերավոր անասունների խնամքի աշխատանքներին…
20-ամյա Ռուստամ Երվանդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով զորամասի զինծառայող՝ զորամասի անասնագոմում վիճաբանել է ժամկետային զինծառայող Մելիքյանի հետ, նրա նկատմամբ բռնություն գործադրել՝ մեկ անգամ ապտակել ու մեկ անգամ ոտքով հարվածել է Մելիքյանի ազդրի շրջանին:
Ամբաստանյալների խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:








































