Ամերիկյան դատարանը Նյու Յորքի բնակչին դատապարտել է 18 տարվա բանտարկության՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության համար:
Սաբիրհան Հասանոֆը, ով ունի ԱՄՆ-ի և Ավստրալիայի քաղաքացիություն, ձերբակալվել էր 2010-ի ամռանը՝ խմբավորմանը նյութական աջակցություն ցուցաբերելու մեղադրանքով: Դատախազները նշում են, որ նա նաև ուսումնասիրել է Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքի մոտ ահաբեկչություն իրականացնելու հնարավորությունը և այդ մասին հաշվետվություն ուղարկել Եմենում գտնվող իր հանցակիցներին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բացի այդ, 37-ամյա Հասանոֆը, ով նախկինում աշխատել է խոշոր խորհրդատվական ընկերություններում (KPMG և PricewaterhouseCoopers) ձեռք էր բերել ինչ-որ սարք, որը կարող է կիրառվել որպես դետոնատոր:
2012-ի հունիսին Հասանոֆը ճանաչել է մեղքը, ներողություն խնդրել ԱՄՆ բնակիչներից ու հարազատներից: «Ես պետք է գիտակցեի, թե ինչ եմ անում: Ինձ արդարացում չկա»,- ասել է նա:
Հասանոֆն ազգությամբ ույղուր է, ծնվել է Չինաստանում: 2007-ից սկսել է իսլամ դավանել:








































