Կիրակի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ ելույթ էր ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Ինչպես հաղորդում է Geotimes.ge-ն, օդանավակայանում Սաակաշվիլիին դիմավորել են իր կողմնակիցները, որոնք հիացած են եղել նրա ելույթով ՄԱԿ-ի ԳԱ-ում:
Օդանավակայանում նախագահը նշել է, որ իր նախագահության ողջ ընթացքում ժողովուրդը երբեք իրեն այսպես չի ճանապարհել և չի դիմավորել: Սաակաշվիլին հայտնիության նոր բռնկումը կապել է հենց ՄԱԿ-ի ԳԱ-ում իր ելույթի հետ:
«Իմ ելույթը մեծ արձագանք գտավ հետխորհրդային ամբողջ տարածքում: Դա նշանակում է, որ այդ տարածքում ինչ-որ նոր բան է հասունացել: Պուտինի գործողություններն Ուկրաինայում, Մոլդովայում, մեր հարևաններ Հայաստանում, Ադրբեջանում, Հյուսիսային Կովկասում և ամբողջ Ռուսաստանում կանգնել են բոլորի կոկորդին»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նա նաև նշել է, որ այժմ Վրաստանն «ուրախանալու բան չունի», քանի որ վերջին ժամանակներս երկիրը կորցրել է վերահսկողությունն ավելի շատ արոտավայրերի հանդեպ, քան 2008թ. պատերազմի ժամանակ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել կառավարության հետ՝ օգտագործելու համար բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ միջազգային, դադարեցնելու համար Ռուսաստանի կողմից վրացական շրջանների բռնագրավումը:
«Ես կաջակցեմ ցանկացած գործողությունների, որոնք կձեռնարկի Վրաստանի կառավարությունը այդ բռնագրավումը դադարեցնելու համար: Մենք պետք է համակարգված լինենք, իսկ գլխավոր դասն այն է, որ ուժը միասնականության մեջ է: Եթե մենք մի կողմ դնենք ատելությունը և չարությունը, մենք կարող ենք պաշտպանել մեր դիրքերը, ինչը մեզ բազմիցս հաջողվել է անել նախորդ տարիներին»,- ասել է նա:








































