Հունաստանում մեղադրանք կառաջադրվի «Ոսկե այգաբաց» ուլտրաաջ կուսակցության 5 պատգամավորների դեմ, այդ թվում նաև՝ կուսակցության առաջնորդ Նիկոս Միխալոլիակոսի: Նրանք մեղադրվում են հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեջ:
Շաբաթ օրը խորհրդարանի 5 պատգամավորներ, ինչպես նաև, տարբեր տվյալներով՝ կուսակցության 15-30 անդամներ ձերբակալվել և բերման են ենթարկվել Ատիկայի ոստիկանության գլխավոր բաժին՝ հանցավոր գործունեության մեջ մասնակցության մեղադրանքով: Ավելի ուշ կուսակցությունն իր կողմնակիցներին կոչ է արել դիմադրել, իր կարծիքով՝ ապօրինի գործողությունների դեմ:
Արդյունքում «Ոսկե այգաբացի» մոտ 150 կողմնակիցներ շաբաթ երեկոյան հավաքվել են Աթենքի դատարանի շենքի մոտ, որտեղ տարվել են կուսակցության ձերբակալված ղեկավարը և պատգամավորները՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Ձերբակալվածներից 4-ը կանայք են: Պատգամավորները մեղադրվում են հակաֆաշիստ երաժիշտ Պավլոս Ֆիսասի, պակիստանցու սպանությունների, առնվազն 2 ներգաղթյալների վրա մահափորձ կատարելու, տասնյակ հարձակումների և ծեծերի, փողերի լվացման, խանութների տերերից և մանր վաճառականներից դրամաշորթության մեջ:
«Արդարադատություն, կայունություն և ոչ թե ընտրություն»,- այսպես է մեկնաբանել ձերբակալությունը Հունաստանի վարչապետ Անտոնիոս Սամարասը:
Հատկապես մեծ աղմուկ է բարձրացրել հակաֆաշիստի սպանությունը: Բոլոր կուսակցությունները պահանջել են արգելել «Ոսկե այգաբացի» գործունեությունը և դադարեցնել ֆաշիզմի դրսևորումները:







































