Անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին հրաժեշտ տալու համար այսօր Համազգային թատրոն էին եկել բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ վարչապետը, ԱԺ ներկա և նախկին պատգամավորներ, մի շարք նախարարներ, մարզպետներ, արվեստի վաստակավոր գործիչներ և պարզապես անվանի դերասանին և հայ մարդուն հրաժեշտ տալ ցանկացողներ:
Այս կորուստը ծանր էր բոլորի համար, ոմանք նույնիսկ հուզմունքից չկարողացան Սոս Սարգսյանի վերաբերյալ մի քանի խոսք ասել, նրա հետ կապված հետաքրքիր դիպվածներ հիշել…
«Ցանկացած հայ ընտանիք այսօր խորը վիշտ է ապրում, որովհետև իսկապես կյանքից հեռացել է մի մարդ, որը վայելում էր մեր ժողովդրի սերը»,- ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ Սոս Սարգսյանը ոչ միայն դերաասան էր, այլևս ազգային մարդ, պետականության համար մեծ ճանապարհ անցած մարդ:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ նշեց, որ այսօր տեսնելով տարբեր քաղաքական հայացքների, տարբեր ճաշակների, տարբեր սոցիալական վիճակում գտնվող մարդկանց բազմությունը՝ հասկացավ, որ մարդիկ միասնական են, բայց, ցավոք ,այսպիսին դառնում են միայն վատ առիթների ժամանակ. «Ինձ համար նա խորհրդանիշ է: Ցավոք, պատմության մի շատ կարևոր հատված հիմա գնում է, մեր ձեռքից գնում է»,- ասաց Մ. Եսայանը:
Արցախյան ազատամարտի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն էլ նրան պարզապես Մեծ մարդ բնորոշեց:
Դիտեք մեր տեսանյութը:









































