Մարմնամարզիկ, Գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը նոր ռեկորդի հայտով մեկ-երկու ամիս առաջ կրկին դիմել է Գինեսի ռեկորդների հանձնաժողովի լոնդոնյան գրասենյակին: Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մարզիկի խոսքով՝ ինքը ներկայացնելու է մինչ օրս աշխարհում որևէ մեկի կողմից չկատարված բարդագույն մի վարժություն, այն է՝ պտույտներ պտտաձողի վրա՝ հակառակ բռնվածքով: «Պտույտների քանակը պետք է հանձնաժողովը սահմանի: Անգամ մոտավոր թվի մասին գաղափար չունեմ, սակայն պարապմունքների ընթացքում արդեն կարողանում եմ 50-60 պտույտ կատարել: Ամեն բան՝ ներառյալ ռեկորդի սահմանման օրը, հայտնի կլինի 8-9 ամսվա ընթացքում»,- ասաց Դավիթ Ֆահրադյանը՝ հավելելով, որ լոնդոնյան գրասենյակից իրեն առաջարկում են ռեկորդը սահմանել Մեծ Բրիտանիայում, սակայն ինքը ցանկություն ունի վարժությունը կատարել Հայաստանում՝ հայկական դրոշի ներքո:
Հարցին՝ տեղյա՞կ է, թե արտասահմանցի մարզիկները նույն պտույտներից առավելագույնը քանի հատ են կարողանում կատարել, Գինեսի ռեկորդակիրը պատասխանեց, որ դա հանձնաժողովի կողմից հույժ գաղտնի պահվող ինֆորմացիա է:
Հիշեցնենք, որ Դավիթ Ֆահրադյանը Գինեսի ռեկորդների գրքում առաջին անգամ գրանցվել է պտտաձողի վրա երկու ձեռքով 350 հետպտույտ կատարելու համար: Երկրորդ ռեկորդը նա սահմանել է 2010 թվականին՝ մեկ ձեռքով 76 հետպտույտ, երրորդը 2011-ին՝ երկու ձեռքով 1140 հետպտույտ կատարելու համար:
Լուսանկարը՝ Bravo.am-ի










































