Ուրբաթ ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակում տեղի է ունեցել մերձավորարևելյան «քառյակի» հանդիպում, որի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը և ՄԱԿ-ը: Քննարկմանը մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և բանակցություններում «քառյակի» միջնորդ Թոնի Բլերը: Հանդիպմանը հրավիրված են եղել նաև Պաղեստինի և Իսրայելի կողմից բանագնացներ Սաիբ Էրիքաթը և Ցիպի Լիվնին, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Քառյակի» անդամները Պաղեստինից և Իսրայելից պահանջել են զերծ մնալ գործողություններից, որոնք խափանում են փոխադարձ վստահությունը: Նրանք հաստատել են իրենց վճռականությունը՝ աջակցել երկու կողմերին Պաղեստինի կարգավիճակի հարցով վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ կողմերի միջև ուղիղ երկխոսությունը վերսկսվել է հուլիսի վերջին Վաշինգտոնում եռամյա դադարից հետո:










































