«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.
«Երեկ Ազգային ժողովից վերադարձած մեր թղթակիցն ապշահար պատմում էր, թե ինչպես են բոլոր ֆրակցիաները միահամուռ ողջունում Գևորգ Կոստանյանի թեկնածությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Լրագրողները թվարկում էին այն բոլոր «մեղքերն ու բացերը», որոնք կարող էին դրվել Կոստանյանի առաջ, և զարմանում էին, թե ինչու ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները դա չեն արել: Սակայն մի պարզ բացատրություն ունի այս «առեղծվածը»՝ նրանք բոլորը մահկանացուներ են, բազում արատներով, սխալներով, զանցանքներով ու հանցանքներով և չեն ուզում 6 տարի շարունակ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցնող անձի թշնամանքը ձեռք բերել էս գլխից: Հետո հազար հարց է ծագելու՝ բիզնեսի, որդիների-հարազատ-բարեկամների համար միջնորդելու, երեսատեղ են թողնում, որ կարողանան հետագայում դիմել նրան ու հարցեր լուծել: Այս «ախպերական» հարաբերությունները, քավոր-սանիկությունն ու իրար հետ «արիշվերիշների» մեջ լինելն էլ հենց մեր տունը քանդում է: Երբ հնարավոր է դառնում «հարցեր լուծել», օրենքը շրջանցել, ոմանց մերձավորներին ազատել պատասխանատվությունից, հասարակության մեջ վերանում է արդարություն կոչվող հասկացությունը: Մարդիկ տեսնում են, որ «տերովին տերև է տարել, անտերին՝ գելը»: Եվ անարդարության այս սուր զգացումն է, որ մարդկանց հիասթափեցնում է սեփական հողից ու պետությունից, ստիպում փնտրել ավելի արդար ու ավելի արժանապատիվ կյանք: Այնպես որ, երբ այս նույն ընդդիմադիրները կոկորդիլոսի արտասուք են թափում, թե երկիրը դատարկվում է, արտագաղթը՝ ուժգնանում, նրանց հարկավոր է հիշեցնել, թե երբ, որտեղ, ինչպես է սրա-նրա համար գործ «դզել», սրան-նրան ազատել քրեական պատասխանատվությունից կամ անարժանիորեն տեղավորել բարձր պաշտոնի, հարկերը թաքցրել և այլն, և այլն»:
Լուսանկարը՝ Photolure-ի








































