РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը նավթի պետական հիմնադրամի ակտիվների 12 տոկոսը տեղաբաշխել է ԱՄՆ արժեթղթերի շուկայում։ Այս մասին «Ազեր Թաջ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը.
«Ադրբեջանի Նավթային հիմնադրամի ակտիվների 12 տոկոսը (մոտ 3 միլիարդ դոլար) տեղաբաշխված է ԱՄՆ արժեթղթերի շուկայում։ Ադրբեջանը շարունակում է մնալ ԱՊՀ երկրների թվում ԱՄՆ ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը։ 2010 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2.3 միլիարդ դոլար՝ ադրբեջանական կողմի համար դրական տարբերությամբ։
Հաջորդ տարի տիեզերք է արձակվելու ադրբեջանական Azerspase արբանյակը, որով և կդառնա սեփական արբանյակն ունեցող 11-րդ երկիրը»։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվար և փետրվար ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 467.48 միլիոն դոլար: Ընդ որում՝ ադրբեջանական արտահանումը կազմել է 349.57 միլիոն դոլար (ողջ արտահանման 10.3 տոկոսը), իսկ ներկրումը` 117.91 միլիոն դոլար (ողջ ներկրման 8.88 տոկոսը): Ադրբեջանի համար դրական տարբերությունը կազմել է 231.66 միլիոն դոլար:









































