Ինչպես հաղորդում է Deadline կայքը, Մարտին Սկորսեզեն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի սկանդալային հարաբերությունների մասին: Այս ֆիլմի հիմքում դրված է Սեմ Քաշների և Նենսի Շոնբերգերի «Խելագար սեր» (Furious Love) գրքի սյուժեն:
Paramaount Pictures-ը, որը զբաղված է այս ֆիլմի արտադրությամբ, ավելի վաղ Բարթոնի արխիվի մի մասը գնել էր նրա կնոջից` Սելլի Հեյից:
Հայտնի է, որ Բարթոնն ու Թեյլորը ծանոթացել են «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Թեյլորը խաղացել է իր լավագույն դերերից մեկը: Չնայած երկուսն էլ այդ ժամանակ ամուսնացած էին, սակայն նրանց միջև բուռն սիրավեպ է սկսվել, որի մասին հայտնի է դարձել պապարացցիների շնորհիվ:
1964 թ. Թեյլորն ու Բարթոնն ամուսնացել են: 10 տարի անց ամուսնալուծվել են, ապա 16 ամիս անց՝ կրկին ամուսնացել՝ միասին մնալով մինչև 1976 թ.: Թեյլորն ու Բարթոնը 70-ականներին միշտ տարբեր սկանդալային պատմությունների կենտրոնում են եղել:








































