Ճապոնական ավտոարտադրող Toyota կոնցեռնը մոտ 700 հազար Sienna մոդելի ավտոմեքենա է հետ կանչում Հյուսիսային Ամերիկայից՝ փոխանցման տուփի հետ կապված թերության պատճառով: Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
Փոխանցման տուփի անսարք լծակը կարող է դուրս գալ չեզոք դիրքից և շարժման մեջ դնել մեքենան: Ընկերոթյունը կոչ է արել հաճախորդներին դիմել սպասարկման կենտրոններ՝ դետալների ստուգման և անհրաժեշտության դեպքում դրանք փոխելու համար:
Ընկերության ներկայացուցիչ Սինդի Նայթի խոսքով՝ թերությունը դարձել է մոտ 20 փոքր միջադեպերի և մի քանի ոչ լուրջ վնասվածքների պատճառ:
Ընկերության հետ կանչած մեքենաներից 615 հազարը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, ավելի քան 50 հազարը՝ Կանադային, և մոտ 25 հազարը՝ Մեքսիկային:










































