Պետական կառույցների հետ համագործակցության «Հանրային ցանցի» խնդիրն է օրինաստեղծ գործընթացում պահպանել հանրային շահերը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ցանցի համակարգող, «Արազա» ՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը:
«Օրինաստեղծ գործընթացում բացահայտումները առաջադրել են հետևյալ խնդիրները. եկել ենք այն եզրակացության, որ քաղաքացիական հասարակությունը, ունենալով օրինաստեղծ գործընթացին մասնակցելու լիարժեք իրավունքներ, չի իրացնում դրանք: Կայքերի մոնիտորինգը ցույց է տալիս, որ այս կամ այն հարցի հանրային քննարկում տեղի չի ունենում, քանի որ քննարկումների մասին տեղեկատվությունը կա՛մ կայքերում չի տեղադրվում կա՛մ տեղադրվում է ուշացումով»,- ասաց նա` շեշտելով, որ արտասահմանյան երկրների օրինակով ԱԺ-ն հանրային քննարկումների մասին տեղեկատվություն պետք է տարածի ոչ թե երեք, այլ առնվազն տասնհինգ օր առաջ:
Թամարա Աբրահամյանի խոսքով՝ իրենց կազմակերպությունը հանդես է եկել բազմաթիվ օրենսդրական առաջարկներով և ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ԱԺ աշխատանքներին` կրթության, առողջապահության, ինչպես նաև գենդերի մասին օրինագծերին:
Ամփոփելով` հասարակական կազմակերպության ղեկավարը շեշտեց, որ «Հանրային ցանցի» նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության արդյունավետությունը օրինաստեղծ գործընթացում: «Մեր առաքելությունը երկրում քաղաքացիական հասարակության կայացմանը և զարգացմանը նպաստելն է»,- ասաց նա:









































