Սիրիան դեռևս ունի բավարար ռազմական հզորություն՝ պատասխանելու համար Իսրայելի ագրեսիային: Այս մասին «Ալ-Ահբար» թերթին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Մենք սկզբում քիմիական զենք արտադրել ենք 1980-ականներին, որպեսզի կարողանանք դիմակայել Իսրայելի միջուկային զինանոցին: Բայց այսօր արդեն այն հանդիսանում է զսպող ուժ: Մենք ունենք ավելի ժամանակակից և բարդ զենք, որը կարող է ակնթարթորեն կուրացնել Իսրայելին»,- ասել է Սիրիայի նախագահը:
Ասադի կարծիքով՝ ԱՄՆ-ը փորձում է փոխել Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը և աջակցել Իսրայելին՝ Սիրիային զրկելով իր քիմիական զենքից: Ասադը նաև վստահ է, որ ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կաջակցի Սիրիային:
Բաշար Ասադը նաև նշել է, որ քիմիական զենքն իր երկրի համար «ծանր բեռ է»: «Դրա ոչնչացումը շատ թանկ կնստի և մի քանի տարի կպահանջի: Այն իրենից ներկայացնում է բնապահպանական սպառնալիք և առաջացնում մի շարք այլ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել: Այդ դեպքում թող նրանք (ՄԱԿ-ի փորձագետները) գան և տանեն այն»:









































