Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է 17 երկրների և 3 տարածքների անուններ, որոնք որակված են որպես «ամենառեպրեսիվ հասարակություններ»: Այս ցուցակը գլխավորում են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Բիրման, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբիան, Հյուսիսային Կորեան և Սուդանը: Զեկույցը հրապարակվել է Ժնևում:
Այս ցուցակում են այն երկրները, որոնք ամենացածր գնահատականներն են ստացել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական և քաղաքացիական իրավունքները: Զեկույցում նշվում է, որ այս ցուցակում ամեն տարի տեղ են զբաղեցնում նույն երկրները:
Ըստ զեկույցի՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Սոմալին, Թուրքմենստանը, Լիբիան, Կուբան և Սաուդյան Արաբիան, մարդիկ ամենաշատն են տուժում քաղաքացիական իրավունքների լուրջ և համակարգային խախտումներից:
Freedom House-ի ներկայացուցիչ Պոլա Շրիֆերն ասել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը հիմա ակտիվ ներգրավված է մարդու իրավունքների ոլորտում խախտումների վերհանման, դրանց վրա համաշխարհային հանրության ուշադրության սևեռման գործում: Բիրմայի, Սուդանի, Սիրիայի, Սոմալիի և Հյուսիսային Կորեայի հարցերով խորհրդում բանաձևեր արդեն ընդունվել են: Սակայն, ինչպես ցավով նշում է Շրիֆերը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը չի ցանկանում ուշադրություն դարձնել Չինաստանին, որը տեղ է զբաղեցրել Freedom House-ի ցուցակում, և ուր ամենաշատն են խախտվում մարդու իրավունքները:










































