ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը «սառը պատերազմի» տարիներին հետևել է Վիետնամ ներխուժման համար ԱՄՆ-ին քննադատողներին: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Ջորջ Վաշինգտոնի անվան ամերիկյան համալսարանի գաղտնի փաստաթղթերին:
Մասնավորապես, ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են ԱՄՆ-ում սևամորթների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգին և հայտնի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիին՝ ասվում է փաստաթղթում:
Բացի այդ, ԱԱԳ-ն միջամտել է New York Times և Washington Post թերթերի լրագրողների, ինչպես նաև երկու սենատորների անձնական կյանքին, որոնք ամերիկյան իշխանությունների կարծիքով, բացասական են արտահայտվել Վիետնամ ԱՄՆ-ի ռազմական ներխուժման դեմ՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Խոսքը «Մինարեթ» անվանումով գաղտնի ծրագրի մասին է, որի իրականացումը սկսվել էր 1967 թ.՝ այն ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնի նախաձեռնությամբ:
ԱՄՆ-ը ցանկանում էր իմանալ՝ արդյոք Վիետնամի պատերազմի քննադատները չե՞ն համագործակցում օտարերկրյա կառավարությունների հետ:








































