Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական պայմաններին զուգահեռ մեծանում է արտագաղթի ծավալները։ Ընդ որում՝ եթե Ռուսաստան են մեկնում հիմնականում տղամարդիկ՝ սեզոնային աշխատանքերի համար, Եվրոպա արտագաղթող մեր հայրենակիցները դիմում են ամենածայրահեղ մեթոդների այնտեղ ապաստան ստանալու և այլևս չվերադառնալու համար։
Փաստ է նաև, որ օբյեկտիվ պատճառներին զուգահեռ մեր հայրենակիցները հաճախ դիմում են «հնարամիտ» քայլերի։ Հուլիսյան իրադարձությունների ժամանակ ինքս եմ ականատես եղել, թե ինչպես են մարդիկ գալիս իբրև թե հանրահավաքի, ոստիկանների հետ բախման ընթացքում նկարվում, այդ նկարները հետագայում՝ Եվրոպայում «հայրենիքում ճնշումների եմ ենթարկվում» հիմնավորմամբ ներկայացնում ու ապաստան հայցում։ «Հեսա ոստիկանների հետ , որ տուրուդմփոց լինի, մտնեմ մեջտեղները, ինձ նկարի»,- երիտասարդներից մեկը դիմում էր ընկերոջը։ Սկզբում մտածեցի, թե նպատակը պարզապես սոցցանցերում հերոսանալն է, բայց երբ հետաքրքրվեցի՝ պատասխանեց, թե մտադիր է արտագաղթել Ֆրանսիա և նախորդ բողոքի միջոցառումներից արդեն հավաքած նկարներ ունի, այստեղի մի քանի նկարներն էլ հաստատ ավելորդ չեն լինի։
Մեր զրուցակիցը, որը Ֆրանսիայում թարգմանիչ է աշխատում հենց ներգաղթյալների համար, պատմում է սակայն, որ այժմ քաղաքական հալածանքների հիմնավորմամբ քչերն են ապաստան ստանում, նույնիսկ ժամանակավոր կացության իրավունք։ Նման հիմնավորումն իր գագաթնակետին էր գտնվում 2008-ի Մարտի մեկի իրադարձություններից հետո, երբ շատերը կարողացան ապաստան ստանալ. «Հիմա այնքան ստաբիլ վիճակ է, որ ոչ ոք հիմար չէ, որ հավատա՝ ինչ-որ մեկը կարող է այդ աստիճան խոր ճնշումների ենթարկվել։ Ուրիշ հարց է՝ սեռական փոքրամասնություն լինելը, կրոնական հալածանքների ենթարկվելը։ Դա ևս Հայաստանին հատուկ չէ, Հայաստանից հիմա շատերը ապաստան կամ ժամանակավոր կացության իրավունք կարողանում են ստանալ առողջական խնդիրներից ելնելով՝ թեպետ դա էլ հազվադեպ։ Պատահում է, որ նույնիսկ մատնացույց են անում, թե տվյալ առողջական խնդիրը Հայաստանում որ հիվանդանոցում են բուժում ու հետ ուղարկում։ Դա իհարկե փուլեր ու որոշակի ժամանակ է պահանջում։ Հիմա մուսուլմանների հետ կապված ընդհանուր վատ տենդենց կա Եվրոպայում ու դա բոլորի վրա անդրադառնում է, հազվադեպ են ապաստան տրամադրում»,- պատմեց մեր զրուցակիցը։
Արտագաղթելու համար հայերի նախընտրելի եվրոպական երկրները երեքն են՝ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա։ Եթե առաջին հայացքից այս երկրները փայլում են զարգացվածությամբ ու ժողովրդավարության բարձր ցուցանիշներով՝ այնտեղ հասնելուն պես մեր հայրենակիցները «մեղր ու կարագի» չեն արժանանում։ Մեր զրուցակիցը՝ 43-ամյա Լ. Հ.-ն՝ մասնագիտությամբ քիմիկոս է, Հայաստանում աշխատանք չուներ, Գերմանիայի Համ քաղաքում է այժմ գտնվում իր 4-ամյա աղջկա հետ։ Մեկնել է երեխայի ու իր առողջական խնդիրներն այնտեղ հոգալու համար։
Սակայն ինչպես նա է պատմում՝ խնդիրները ոչ թե լուծվել, այլ ավելի են բարդացել. «Այն ճամբարը, որը հատկացվել է մեզ բնակվելու համար, սարսափելի սանիտարահիգիենիկ պայմաններ ունի՝ պետքարանի հոտը տարածված է ամբողջ ճամբարով մեկ։ Թվում է, թե առանձին սենյակ են տվել, բայց պատուհաններից փչում է, խոնավության հոտ է գալիս։ Հատկացված սնունդը սարսափելի վատն է՝ առաջացրել է մարսողական խնդիրներ։ Ես նկատել եմ, որ հատկապես հայերին շատ վատ են վերաբերվում՝ նախապատվությունը տրվում է պատերազմական իրավիճակում գտնվող փախստականներին, օրինակ, սիրիացիներին։ Երեխաս տաքության մեջ վառվում էր՝ տարել եմ բժշկի, ոչ միայն չի օգնել, այլ նույնիսկ տարրական գթասրտություն ցույց չի տվել։ Ասաց՝ ոչնով օգնել չի կարող ու թևիցս բրդելով՝ բառիս բուն իմաստով դուրս շպրտեց երկրից։ Հիմա մենք սպասում ենք, տեսնենք՝ ինչ լուծում կստանա մեր ապրելու իրավունքի հարցը։ Հունվարից մինչև հիմա սպասում ենք»։
Գերմանիայի Բորքեն քաղաքում է այժմ ապրում մեր հաջորդ զրուցակիցը, որն այնտեղ է մեկնել ամուսնու, որդու հետ։ Արդեն երեք տարի է այնտեղ է, բայց քաղաքական ապաստան չունի։ Գերմանիա մեկնելու հիմնական նպատակն ամուսնու առողջական խնդիրները կարգավորելն էր. «Երիկամների խնդիր ուներ, դիալեզ էր անհրաժեշտ, Հայաստանում շատ թանկ է, այստեղ մի քանի անգամ արդեն ընդունել է, բայց սարսափելի բաների միջով ենք անցել։ Հիմա, ճիշտ է, մեծ երեխաս մանկապարտեզ է գնում, մեզ էլ բնակվելու ճամբարից քիչ թե շատ լավ տեղ են տվել, բայց լիարժեք ապրելու հնարավորություն չկա, ապաստան չունենք, հատկացված գումարն էլ մինիմալ ծախսերի համար չի բավականացնում։ Միակ պահող բանը բուժօգնություն ստանալն է ու ամուսնուս երիկամների խնդիրը, Հայաստանում որ մնայինք՝ չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կարող էր լինել»,- պատմեց նա։
Հայաստանից արտագաղթելը, առաջին հայացքից հեշտ ու պայծառ ապագա խոստացող հարց է թվում, բայց շատ հաճախ մեր հայրենակիցները չեն դիմանում առկա սարսափելի պայմաններին ու հետ վերադառնում։ Քանի որ շատերը գնում են առողջական խնդիրներն այնտեղ կարգավորելու համար՝ առկա վատ պայմաններից էլ ավելի բարդ խնդիրների առաջ են կանգնում, պատահել է նաև, որ առկա պայմանների պատճառով մահացել են կաթվածից։








































