Հուլիսի 9-ին վիրտուալ տիրույթում հայտնվել է մի ֆիլմ, որը 48 տարի կորած էր համարվում: Խոսքը «Երևան» կինոմիավորման կողմից 1970 թվականին նկարահանված ֆիլմի մասին է, որի գործող անձիք «Երազողներ» հայկական ռոք-խմբի անդամներն են։ Ֆիլմը YouTube վիդեոհոսթինգի իր ալիքում է տեղադրել խմբի անդամ Հրայր Կոտոյանը։
Պոլիտեխնիկի ուսանողներ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը, ում այնուհետև փոխարինեց Արմեն Զաքարյանը, Beatles-ից ոգեշնչված՝ 1965-ին սեփական թիմ ձևավորեցին և մեկ տարի անց առաջին համերգով հանդես եկան։
Ֆիլմը նկարահանել է խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ Անատոլի Մոկացյանը։