ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման մասին Մոսկվայում 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայնագիրը: Կասկած չկա, որ մեր պաշտոնական քարոզչությունն այս փաստը ներկայացնելու է որպես հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, Հայաստանի անվտանգության համակարգի ամրապնդման դրսևորում:
Իրականությունն ու փաստերը, սակայն, միանգամայն այլ բան են հուշում: Միավորված խմբավորման պայմանագիրի շուրջ քննարկումները, ռուսական կողմի նախաձեռնությամբ, սկսվել են ապրիլյան պատերազմից հետո, դրանց ինտենսիվ քննարկումները շարունակվել են ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ Հայաստանն ապրում էր իր պատմության խոշոր ճգնաժամերից մեկը և, որպես պետություն, ըստ էության, կորցրել էր իր իմունիտետը:
Այս համաձայնագիրը ռուսական նեոկայսերական քաղաքականության բաղադրիչներից մեկն է և ուղղված է հայկական բանակի նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը: Պատահական չեն ընտրվել թիրախն ու ժամանակը: Գլոբալ իմաստով՝ Հայաստանի բանակը պետական միակ ինստիտուտն է, որն իր մեջ կրում է ինքնիշխանության, երկրի սուբյեկտայնության գաղափարը: Բանակը միակ պետական կառույցն է, որի անվան հետ ասոցացվում են հաղթանակի գաղափարը, հայկական հավակնություններն ու երազանքները: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ բանակը միակ պետական կառույցն է, որ անկախ իր բոլոր թերություններից՝ լեգիտիմացված է հանրության աչքում:
Կայսրությունը, բնականաբար, նման բան հանդուրժել չի կարող, որովհետև անգամ դիմադրության մեկ օջախը բավարար է, որ Հայաստանում ուշ թե շուտ ձևակերպվի ապագաղութացման օրակարգը:
Ռուսները նաև կոնկրետ պատճառ ունեն Հայաստանի բանակի հետ «հաշվեհարդար տեսնելու» համար: Դա ապրիլյան պատերազմում մեր բանակի հերոսության դրսևորումն է, ավելի շուտ՝ այն փաստը, որ բացառապես հայկական բանակը կանխեց ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների իրագործումը, հակամարտությունը «մենաշնորհելու» և հակամարտության գոտում ռազմական ներկայություն ունենալու Մոսկվայի ձգտումները:
Վերջին օրերին ռուսական կայսրությունը Հայաստանի դեմ գրոհում է բոլոր հնարավոր միջոցներով՝ սպառազինության մատակարարում Ադրբեջանին, ոտնձգություն մեր բանակի ինքնուրույնության և հայոց լեզվի դեմ, քողարկված սպառնալիքներ՝ ուղղված Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը:
Եկել է Հայաստանի համարժեք պատասխանի ժամանակը, բայց մեր քաղաքական համակարգն անդառնալիորեն վարակված է ռուսահպատակության վիրուսով:









































