Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանում՝ խոսել է Հարավկովկասյան տարածաշրջանի և դրանում Ռուսաստանի դերի ու հավակնությունների մասին:
Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանն առավելության հասնի Ադրբեջանի նկատմամբ, և իհարկե՝ նաև նշել հակառակը՝ թույլ չի տա Բաքվի առավելությունը Հայաստանի նկատմամբ, այլ ամեն ինչ կանի հակամարտությունը միշտ թարմ պահելու համար, որպեսզի երկու կողմերին էլ պահի իր կառավարելիության տիրույթում և թույլ չտա ինտեգրում զարգացած աշխարհի հետ:
Սաակաշվիլիի գնահատականների հետ կարելի է համաձայնել ամբողջությամբ կամ մասամբ, սակայն այն, որ նա իսկապես բավական հստակ է ներկայացրել Ռուսաստանի մտադրությունները՝ կարծես անկասկած է:
Այս ֆոնին հատկանշական է մի բան, որ Միացյալ Նահանգներում է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Հարվարդի համալսարանում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Հարց է ծագում՝ իսկ կա՞ նման բան՝ Հայաստանի արտաքին քաղաքականություն: Թվում էր, որ կա կամ փորձ է արվում ստեղծել, սակայն սեպտեմբերի 3-ը ցույց տվեց, որ իրականում նման բան չկա, և դա պատրանք էր, որը ցնդեց Մոսկվայում:
Հայաստանն այսօր հայտնվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության կրնկի տակ, և Նալբանդյանը լավ կաներ Հարվարդում խոսեր ռուսական արտաքին քաղաքականությունից:
Հայաստանի արտաքին քաղաքականությունից խոսել պետք է Հայաստանի շահերը հասկանալու դեպքում, պետության ռազմավարական, քաղաքակրթական հետաքրքրություններն ու պահանջները լիարժեք ընկալելու, դրանք համաշխարհային գործընթացներին ադապտացնելու կարողության դեպքում: Իսկ սա նշանակում է, որ եթե այդ բոլոր դեպքերը կան, ուրեմն Հայաստանի արտգործնախարարը պետք է ասեր այն՝ գոնե զգալի մասով, ինչը ասում է Սաակաշվիլին: Այսինքն՝ Հայաստանի շահերը պահանջում են հենց նման վերլուծություններ և աշխարհի հետ հենց նման զրույց:
Մինչդեռ Հայաստանը սեպտեմբերի 3-ից հետո ում հետ զրուցում է՝ նախ կարծես իր պարտքն է համարում բարևից հետո հստակեցնել կամ հիշեցնել, թե զրույցը հո չի՞ հակասում Մաքսային միության շահերին: Ու ըստ էության ստացվում է, որ Հայաստանի շահերը ավելի շատ այլ երկրների պաշտոնյաների ելույթներում են արտացոլվում, զորօրինակ՝ Սաակաշվիլիի, քան Հայաստանի արտաքին քաղաքականություն կոչվածի պատասխանատուների ելույթներում:
Եթե անծանոթ մարդը կողքից հետևի, ապա ինչ-որ տեղ նույնիսկ կարող է շփոթել, թե իրականում ով է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:










































