Այսօր Ֆրանսիայի գլխավոր ազգային տոնն է՝ Բաստիլի գրավման օրը: Քաղաքական բռնապետությունը մարմնավորող, ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ համարվող այդ ամրոցը 1789թ. հուլիսի 14-ին քանդեցին Փարիզի ապստամբած բնակիչները: Բաստիլի գրավմամբ սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որը քաղաքակրթական նոր ընթացք տվեց ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև համաշխարհային պատմությանը: Ֆրանսիական մեծ հեղափոխության արժեքները, գաղափարներն այսօր էլ միավորում են քաղաքակիրթ աշխարհին, ուղենիշային են ազատության և ժողովրդավարության համար պայքարող հասարակությունների համար:
Սակայն Բաստիլի գրավման օրը միակ առիթը չէ, որ աշխարհի ուշադրությունն այսօր բևեռել է Փարիզի վրա: Երեկվանից պաշտոնական երկօրյա այցով Փարիզում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով այսօր՝ տիկնոջ ուղեկցությամբ, մասնակցելու է Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև ֆրանսիացի ու ամերիկացի զինվորականների համատեղ շքերթին, որը նվիրված է Առաջին աշխարհամարտին ԱՄՆ ներգրավման 100-ամյա տարեդարձին:
Իսկ երեկ Թրամփն ու Մակրոնը բանակցել են, հանդես են եկել համատեղ ասուլիսով, տիկնանց ուղեկցությամբ ճաշել են Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում գտնվող «Ժյուլ Վեռն» էլիտար ռեստորանում: Դոնալդ Թրամփը Փարիզ իր այցը «շատ հաճելի» է համարել։ ԱՄՆ նախագահի պերճախոսության ֆոնին շատ ավելի զուսպ են Էմանուել Մակրոնի գնահատականները:
Եվրոպային ու ԱՄՆ-ին այսօր բաժանում են սկզբունքային տարաձայնությունները կլիմայի և առևտրային քաղաքականության հարցերում, միևնույն ժամանակ նրանք դաշնակիցներ են անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Հենց այս օրակարգն է առաջնահերթ եղել ֆրանս-ամերիկյան երեկվա բանակցություններում, և երկու նախագահները կարողացել են կոնսոլիդացված դիրքորոշումների գալ Սիրիայի և Իրաքի հարցերում:
Մակրոնն ու Թրամփը նորընտիր նախագահներ են, մեծ իմաստով՝ նոր դեմքեր համաշխարհային քաղաքականության մեջ, և այս հանդիպումը նրանց համար անհրաժեշտություն է նաև սեփական քաղաքական օրակարգերի առումով: Ըստ էության, Թրամփի և Մակրոնի քաղաքական վերելքները միանման են՝ հետևանք ամերիկյան և ֆրանսիական վերնախավերում տեղի ունեցած հեղափոխությունների: Երկու նախագահներն ունեն իրենց դիրքերն ամրապնդելու խնդիր:
Թրամփը չի կարողանում ձերբազատվել ներքաղաքական սկանդալներից, նրան նույնիսկ սպառնում է իմպիչմենտի հեռանկար: ԱՄՆ նախագահը փարիզյան այցով իր ընդդիմադիրներին փորձում է ցույց տալ, թե ինչպիսի մեծ կարևորություն է տալիս անդրատլանտյան հարաբերություններին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին: Մակրոնը փորձում է ձերբազատվել Օլանդի միապաղաղ քաղաքականությունից ու եվրաինտեգրացիայի ջատագովը լինելուն զուգահեռ՝ ինքնուրույն քաղաքականություն իրականացնել, ձևավորել սեփական օրակարգը ֆրանս-ամերիկյան, ֆրանս-ռուսական հարաբերություններում: Պատահական չէ, որ պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում Մակրոնը հասցրել է հյուրընկալել Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին:
Մյուս կողմից՝ ինչքան էլ ընդհանրություններ լինեն Թրամփի և Մակրոնի քաղաքական հետագծում, նրանց բաժանում են արժեհամակարգային տարբերությունը, պետության, քաղաքականության և հանրային հարաբերությունների մասին պատկերացումները: Թրամփիզմը խարսխված է «ազգային էգոիզմի», մակրոնիզմը՝ ինտեգրացիայի և բարեփոխումների վրա:
Արևմտյան դեմոկրատիայի ուժը կայանում է հենց նրանում, որ աշխարհայացքային հակասությունները չեն խանգարում ռացիոնալ քաղաքականությանը, միասնական օրակարգի ձևավորմանը:









































