Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների մասով քրեական գործի արտագնա դատաքննությունը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի ու Մարտիրոս Հակոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի նկատմամբ:
Դատարանը կդիմի Փաստաբանական պալատ` նրանց պատասխանատվության ենթարկելու համար:
Նշենք, որ այսօր Լուսինե Սահակյանը փորձել էր միջնորդություն ներկայացնել հեռացված ամբաստանյալներին դատարան բերելու վերաբերյալ, սակայն նախագահող դատավորը թույլ չտվեց, ապա փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին` պահանջելով դատավորից ինքնաբացարկ հայտնել։ Լուսինե Սահակյանի պահանջին միացել էին նաև այն փաստաբանները, որոնց պաշտպանյալները ներկա չէին դատարանում։
«Ամբաստանյալը, որ կա, ու պաշտպանը նստած է, իրավիճակն այնպիսին է, որ նստած է մի մարդ, որը չգիտի՝ ով է ու, առհասարակ, ինչ ֆունկցիա ունի անելու», – ասել էր«Սասնա ծռերի» գործով փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանները հայտարարել էին, որ ստիպված են լքել դատական նիստերի դահլիճը, քանի որ ապահովված չէ իրենց պաշտպանյալների ներկայությունը։
Հիշեցնենք, որ դատարանը մյուս 15 ամբաստանյալների նկատմամբ նախորդ դատական նիստում սանկցիա էր կիրառել` նրանց 6 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:
Լուսանկարը ՝ news.am-ի









































