Չինաստանի 22-ամյա բնակիչը ցանկացել է վիրահատել իր տձև քիթը, սակայն վիրաբույժները նրա ճակատին ևս մեկ քիթ են աճեցրել:
Բրիտանական Daily Mail տաբլոիդի տվյալներով՝ 2012 թ. օգոստոսին 22-ամյա չինացին ավտովթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով նրա քիթը վնասվել էր, սակայն նա բժիշկների օգնությանը չէր դիմել և հետագայում զղջացել էր դրա համար:
Որոշ ժամանակ անց տղամարդու քթի մեջ բորբոքային պրոցես էր սկսվել, որի հետևանքով նրա քիթը ձևափոխվել էր:
Հենց այդ ժամանակ էլ նա դիմել էր բժիշկներին՝ հուսալով, որ նրանք կլուծեն իր խնդիրը: Սակայն պարզվել էր, որ քիթը պետք է հեռացնել, քանի որ բորբոքման արդյունքում չափազանց վնասվել էր նրա քթի միջնապատը:
Վիրաբույժները 22-ամյա հիվանդին հայտնել էին, որ չեն կարող ուղղել նրա քիթը, սակայն կարող են ճակատի վրա նոր քիթ աճեցնել: Ընդ որում, բժիշկները հիվանդին տեղեկացրել էին, որ երբ նրա ճակատին աճեցված քիթը վերջնականապես ձևավորվի, իրենք այն կտեղափոխեն իր սովորական տեղը:
Բժիշկները տեղի լրագրողներին հայտնել են, որ գոհ են իրենց աշխատանքից և պատրաստվում են մոտ ժամանակներս քթի փոխպատվաստում կատարել:









































